Ավստրիայի Գեներալների խորհրդի պատվիրակությանը` Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Ավստրիայի Հանրապետության Գեներալների խորհրդի պատվիրակությանը` գլխավորությամբ Գլխավոր շտաբի պետ Օթմար Կոմմենդայի եւ ուղեկցությամբ ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Մարությանի ու ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրել է Հայ եկեղեցու առաքելությունն ու ունեցած կարեւոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձել է Եկեղեցու առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերներին, ինչպես նաեւ ներկայացրեց հասարակական կյանքում հոգեւոր-բարոյական արժեքների ամրապնդմանն ուղղված քայլերը:

Ապա մասնավոր անդրադարձ է կատարվել Հայոց բանակի հոգեւոր առաջնորդության գործունեությանն ու առաքելությանը, մեծապես կարեւորվեց հոգեւոր սպասավորների ներկայությունը բանակում, ովքեր նպաստում են արատավոր բարքերի նվազեցմանը եւ զինվորական ոգու զորացմանը:

Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը փաստել է, որ հայոց պատմության ընթացքում` ի պաշտպանություն հայրենիքի մղված հերոսական մարտերում, հոգեւորականը միշտ էլ զինվորի կողքին է եղել` վերջինիս հետ միասին մարտնչելով թշնամու դեմ:

Ավստրիայի Գլխավոր շտաբի պետ Օթմար Կոմմենդան իր հերթին անդրադարձել է բանակում հոգեւոր սպասավորության առաքելության կարեւորությանը եւ անհրաժեշտ նկատեց երկու երկրների բանակների հոգեւոր առաջնորդությունների միջեւ համագործակցության ձեւավորումը:




Լրահոս