Armenian text to speach

Ալեն Սիմոնյանը՝ նոր ԱԽՔ. Փաշինյանը հետ կանգնեց իր խոստումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագայի հարցում ուշագրավ շրջադարձ է տեղի ունեցել։ Եթե ընդամենը շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարում էր, որ Ազգային ժողովի նախկին նախագահը կարող է մնալ թիմում՝ առանց պետական պաշտոնի՝ որպես ՔՊ-ի «քաղաքական կապիտալ», ապա այժմ, մեր տեղեկություններով, Փաշինյանը պատրաստվում է վերանայել այդ մոտեցումը։

ArmLur.am-ի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը վերջին շրջանում գործադրել է իր ողջ քաղաքական, անձնական, մարդկային ջանքերը՝ Նիկոլ Փաշինյանին համոզելու, որ իրեն ամբողջությամբ դուրս չթողնի պետական կառավարման համակարգից և որևէ պաշտոնի նշանակի։ Մեր աղբյուրներից մեկը պատկերավոր ձևակերպեց՝ «բացի արցունքներով լաց լինելուց՝ ամեն ինչ արել է վարչապետին համոզելու համար»։

Եվ, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, ջանքերն արդյունք են տվել։ Նիկոլ Փաշինյանը ներկայում քննարկում է բավական հետաքրքիր կադրային կոմբինացիա․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տեղափոխել վարչապետի աշխատակազմ՝ նշանակելով իր գլխավոր խորհրդական, իսկ ազատվող ԱԽ քարտուղարի պաշտոնը վստահել Ալեն Սիմոնյանին։ Այս տարբերակով Սիմոնյանը, մի կողմից, պաշտոն կստանա, մյուս կողմից՝ կհեռանա Փաշինյանի անմիջական աշխատանքային միջավայրից և կառավարական առօրյա գործընթացներից։ ԱԽՔ պաշտոնը իր ակտիվությամբ ստորադասվում է մյուս բոլոր պաշտոններին: ՀՀ նախագահի պաշտոնից հետո երկրորդ բարձր թոշակառուի պաշտոնն է:

Հիշեցնենք, որ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ արդեն ազատվել է պաշտոնից՝ 77 տարեկանում գնալով թոշակի: Թումանյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2021 թվականին։ Արմեն Գրիգորյանն ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է դեռևս 2018 թվականից, բայց նրա սրտով չէ խորհրդականի պաշտոնին անցնելը: Ամենաուշագրավը, սակայն, Ալեն Սիմոնյանի մասով քաղաքական շրջադարձն է։

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքից տպավորություն էր, որ Սիմոնյանի համար պետական բարձր պաշտոն չի նախատեսվում, և նա համալրելու է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այն շարքը, որոնց Փաշինյանը բնորոշում էր որպես թիմի «քաղաքական կապիտալ»։ Այժմ, փաստորեն, եթե այս կադրային սցենարը վերջնականապես հաստատվի, Փաշինյանը ստիպված կլինի բացառություն անել հենց Սիմոնյանի համար՝ մյուս «քաղաքական կապիտալներից» առանձնացնելով նրան և վերադարձնելով պետական բարձր պաշտոնի։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղարի պաշտոնը ժամանակին զբաղեցրել է նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ 2008-2014 թվականներին։ Ընդ որում՝ Բաղդասարյանի դեպքում ևս ԱԽ տեղափոխությունը հաջորդել էր խորհրդարանական բարձր պաշտոնին․ մինչ այդ նա 2003-2006 թվականներին եղել էր Ազգային ժողովի նախագահ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ կոչ արեց Արթուր Բաղդասարյանին անվանել ԱԽՔ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս