ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի փետրվարի 12-ին։
Պաշտոնից հեռանալու ֆոնին ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ է հայտարարագրել Արթուր Մարտիրոսյանը 2025 թվականի համար։
Մարտիրոսյանը 2025 թվականին աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների տեսքով ստացել է 18 մլն 826 հազար 947 դրամ։ Բացի այդ, նա ստացել է 1 մլն 895 հազար 217 դրամ եկամտային հարկի վերադարձ, 459 հազար 521 դրամ՝ բանկային ավանդների կամ տրված փոխառությունների դիմաց տոկոսների տեսքով, ինչպես նաև 1 մլն 500 հազար դրամ ստացված փոխառություն։ Ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 22 մլն 681 հազար 685 դրամ։
2025 թվականին Արթուր Մարտիրոսյանը նաև 34 մլն 247 հազար դրամով բնակարան է ձեռք բերել Երևանում։ Գույքը գնվել է ապրիլի 2-ին՝ «Արկադա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից, և տարեվերջին գտնվել է նրա միանձնյա սեփականության ներքո։
Բացի նոր ձեռք բերած բնակարանից, նրա անունով տարեվերջին առկա է եղել 2010 թվականին գնված ևս մեկ բնակարան՝ համատեղ սեփականության իրավունքով։ Մարտիրոսյանը նաև ունի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր գյուղում գտնվող անհատական բնակելի տուն, որը 2023 թվականին ստացել է նվիրատվության եղանակով։
Նրա հայտարարագրում առկա է նաև 2010 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2018 թվականին։
Ֆինանսական միջոցների մասով տարվա ընթացքում փոփոխություններ են եղել։ Մասնավորապես, բանկային ավանդներից մեկում տարեվերջին առկա է եղել 2 մլն 500 հազար դրամ, իսկ դոլարային ավանդը 9 հազար 700 դոլարից հասել է 12 հազար 800 դոլարի։
Բանկային հաշիվների երկու մնացորդները տարվա սկզբի համեմատ ևս ավելացել են։ Տարեվերջին դրանցում առկա է եղել համապատասխանաբար 7 մլն 553 հազար 849 դրամ և 1 մլն 626 հազար 589 դրամ։
Մարտիրոսյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամ կանխիկ գումար, որը տարվա ընթացքում չի փոխվել։
Միևնույն ժամանակ, պաշտոնյան 3 մլն 543 հազար 710 դրամ ծախսել է վարկի մարման, իսկ 5 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգման համար։
Տարեվերջի դրությամբ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 16 մլն 957 հազար 85 դրամ։
Այսպիսով, Արթուր Մարտիրոսյանը պաշտոնից հեռանում է 2025 թվականի հայտարարագրում ներկայացված տվյալներով՝ 22.7 մլն դրամ տարեկան եկամուտով, 34.2 մլն դրամով ձեռք բերված նոր բնակարանով, ևս երկու անշարժ գույքով, Toyota ավտոմեքենայով, 8 մլն դրամ կանխիկ գումարով, բանկային հաշիվներում ավելի քան 9 մլն դրամով և 12.8 հազար դոլարի ավանդով։
Անի Վարդանյան



























