ArmLur.am–ը պարզել է, որ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում սեպտեմբերի 9-ին շրջանառության է դրվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։
Նախագծով նախատեսվում է, որ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի ձեռք բերողը կլինի Հայաստանի Հանրապետությունը, իսկ դրանց օտարման գործընթացը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ նման որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ։
Նախագծում նշվում է, որ ՀԷՑ-ը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում՝ ապահովելով բնակչության, հիվանդանոցների, դպրոցների, ջրամատակարարման համակարգերի, կապի և տնտեսության բնականոն աշխատանքը։ Ըստ հիմնավորման՝ էլեկտրամատակարարման խափանումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ազգային անվտանգության, առողջապահության և հասարակական կայունության վրա։
Կառավարությունը նախագծում որպես կարևոր հանգամանք է ներկայացնում նաև ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի դադարեցումը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 377-Ա որոշմամբ դադարեցվել է ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման թիվ 0092 լիցենզիայի գործողությունը՝ այն ուժը կորցրած ճանաչելու միջոցով։
Նախագծի համաձայն՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կառավարությունը դեռևս 2026 թվականի փետրվարի 17-ին ՀԷՑ-ի բաժնետերերին առաջարկել էր համաձայնեցված կարգով Հայաստանի Հանրապետությանը օտարել ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ Նշված առաջարկի վերաբերյալ սահմանված ժամկետում բաժնետերերի կողմից արձագանք չի ստացվել։
Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից դատարան ներկայացված հայցերին։ Մասնավորապես, նշվում է, որ ընկերությունը վիճարկել է ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշումը, սակայն Վարչական դատարանը 2026 թվականի մարտի 27-ի վճռով հայցը մերժել է։ Միաժամանակ նախագծում նշվում է, որ հետագա դատական գործընթացների արդյունքում «Տաշիր Կապիտալ»-ին հնարավորություն է տրվել քննարկել կառավարության առաջարկը մինչև 2026 թվականի մայիսի 25-ը։
Նախագծի հեղինակները հիմնավորում են, որ ՀԷՑ-ի նկատմամբ ժամանակավոր կառավարման մեխանիզմը չի կարող համարվել համակարգի երկարաժամկետ կառավարման վերջնական լուծում։ Այդ պատճառով, ըստ կառավարության նախագծի, բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումն ու օրենքով սահմանված կարգով դրանց օտարումը դիտարկվում են որպես էներգետիկ համակարգի երկարաժամկետ և կայուն կառավարման միջոց։
Նախագծով նախատեսվում է, որ սեփականության օտարման գործընթացը պետք է սկսվի ոչ ուշ, քան 2027 թվականի մայիսի 1-ը։ Օտարման նպատակի իրագործումը նախատեսվում է սկսել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը, իսկ ավարտել՝ 2027 թվականի հոկտեմբերի 1-ը։
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 9-ին և հանրային քննարկման համար հասանելի կլինի մինչև սեպտեմբերի 24-ը։
Սոնա Գրիգորյան
























































































