«Ամեն ինչ անելու ենք, որ գտնենք մեր հորը սպանողին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին Մաստարա գյուղում «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Ռազմիկ Գևորգյանի ոչխարների հոտը: Գյուղացին կորցրել էր մոտ 25-30 ոչխար:

Ինչպես armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր գյուղապետ Սարգիս Ավետիսյանը,  դեպքը պատահականության արդյունք է եղել:

Դեպքից անցել է մոտավորապես երկու շաբաթ, սակայն ինչպես armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռազմիկ Գևորգյանը, իր գործն ընթացքի մեջ է, սակայն ջանքեր չեն գործադրվում բացահայտելու վարորդի ինքնությունը. «Ոչխար պահելն է հարամ դարձել: Էլ ի՞նչ պահես, էս կառավարությունն էլ է հարամ: Մենք օրենքի երկրում չենք ապրում, մենք բռնապետության երկրում ենք ապրում»:

Ռազմիկ Գևորգյանը նաև հիշեցրեց, որ 2 տարի առաջ նույն տեղում  ծեծել էին իր հորը, ինչի պատճառով վերջինս մահացել էր, սակայն առ այսօր մարդասպանը ձերբակալված չէ: Ռազմիկ Գևորգյանն ասաց, որ իրենք իրենց ուժերով փորձելու են բացահայտել` ով է  այս սպանության հեղինակը. «Մենք մեր ձեռքով մեր թշնամուն գտնելու ենք: Մենք այս կառավարության վրա վստահ չենք»:

Ի դեպ, ինչպես տեղեկացրեց գյուղի բնակիչը, Մաստարա գյուղում 10 տարի շարունակ պարբերաբար գողություններ են լինում` մեկի  գոմից ցուլ են գողանում, մյուսից՝ կով ու  ոչխար, սակայն մինչ այսօր այդ գողություններից ոչ մեկը բացահայտված չէ:

Ոստիկանության՝ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից  armlur.am-ին փոխանցեցին,  որ ոչխարների գործով հարուցվել է քրեական գործ, իսկ Ռազմիկ Գևորգյանի հոր սպանության առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, մասնավորապես՝ քրեական գործով վարույթը, դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ, ամբողջությամբ կամ համապատասխան մասով, կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Սոնա Դավթյան




Լրահոս