Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածք ունի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքների ղեկավարների ունեցվածքի ուսումնասիրությունը ArmLur.am-ում շարունակվում է։ Այս անգամ ArmLur.am-ը ուսումնասիրել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու համար, թե ո՞վ է նա և ի՞նչ ունեցվածք ունի։

Արթուր Ստեփանյանը 2000-2008 թվականներին աշխատել է Շատինի «Հռեփսիմե» առողջության կենտրոնում։ 2008 թվականին ընտրվել է Քարագլխի համայնքի ղեկավար և նույն պաշտոնում վերընտրվել 2012 և 2016 թվականներին։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին՝ վերընտրվել։ Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնը նա զբաղեցնում է 2022 թվականի նոյեմբերի 17-ից։

Անշարժ գույք

Արթուր Ստեփանյանի հայտարարագրում տարվա սկզբում և տարեվերջին առկա են չորս անշարժ գույք։ Դրանցից երեքը հողամասեր են, իսկ մեկը՝ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով։ Բոլոր գույքերը գտնվում են Վայոց ձորի մարզի Քարագլուխ բնակավայրում։

Հողամասերից երկուսը ձեռք են բերվել 2002 թվականի ապրիլի 29-ին, իսկ մյուսը՝ 2003 թվականի սեպտեմբերի 29-ին։ Բնակելի տունը ձեռք է բերվել 2008 թվականի հոկտեմբերի 1-ին՝ նվիրատվության եղանակով։ 2025 թվականի ընթացքում Ստեփանյանը որևէ անշարժ գույք չի ձեռք բերել կամ օտարել։

Տրանսպորտային միջոց

Եղեգիս համայնքի ղեկավարը հայտարարագրել է 2008 թվականի արտադրության Chevrolet մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2009 թվականի օգոստոսի 31-ին՝ գնման եղանակով։

2025 թվականի ընթացքում նա նոր տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և առկա ավտոմեքենան չի օտարել։

Դրամական միջոցներ և ներդրումներ

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբում և տարեվերջին Արթուր Ստեփանյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 0 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները նույնպես եղել են 0 դրամ։

Միաժամանակ, նա ունի 150 հազար դրամ արժեքով բաժնետոմս «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում։ Բաժնետոմսի արժեքը տարվա ընթացքում չի փոխվել և տարվա սկզբում ու վերջում կազմել է նույն՝ 150 հազար դրամը։

Եկամուտ

2025 թվականին Արթուր Ստեփանյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 2 միլիոն 989 հազար 173 դրամ։

Դրանից 19 հազար դրամը ստացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից՝ որպես այլ եկամուտ, 2 միլիոն 268 հազար 190 դրամը՝ «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից՝ որպես միանվագ վճար, իսկ 701 հազար 983 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից՝ որպես եկամտային հարկի վերադարձ։  Աշխատավարձի մասով չկա ոչինչ։ Ստացվում է հայտարարագրում Արթուր Ստեփանյանի՝ որպես համայնքի ղեկավար ստացած աշխատավարձի վերաբերյալ առանձին տվյալ նշված չէ։

Վարկ և ծախսեր

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ստեփանյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 33 միլիոն 309 հազար դրամ։ Վարկը հիպոթեկային է, իսկ դրա ապահովման առարկան Երևանում գտնվող թիվ նախագծային բնակարանն է։

2025 թվականի ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 4 միլիոն 253 հազար 17 դրամ։

Հայտարարագրում այլ խոշոր ծախսեր՝ այդ թվում հանգստի, վարձակալության, ուսման, վերանորոգման կամ 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր, նշված չեն։

Սոնա Գրիգորյան




Լրահոս