«Կարֆուր»-ը սնանկացնելու է հայ գործարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան գործարարները սկսել են մտահոգվել. պատճառը` ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցն է, որի մասնաճյուղն առաջիկայում կբացվի նաեւ Հայաստանում:

Բանն այն է, որ տարբեր երկրներում ավելի քան 15 հազար առեւտրական կենտրոն ունեցող «Կարֆուրը» հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը: Տնտեսագետների պնդմամբ` «Կարֆուր»-ում ապրանքները համեմատաբար էժան գներով են վաճառվում, հետեւաբար` ֆրանսիական ցանցի` հայկական շուկա մուտք գործելուց հետո հայ գործարարներից շատերի համար խնդիրներ կառաջանան:

Հիշեցնենք, որ «Կարֆուրի»` Հայաստան մուտք գործելու մասին խոսվում էր դեռեւս 2012-ի սկզբներից, իսկ արդեն նոյեմբերին` հստակ նշվում էր առաջին հիպերմարկետի վայրը` «Դալմա Գարդեն Մոլ»-ը: Սակայն ֆրանսիական ընկերության հիպերմարկետն այդպես էլ չբացվեց: Հիմա էլ` խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Կարֆուրը» գործելու է «Երեւան մոլ»-ում:
Թե որն էր պատճառը, որ «Կարֆուր»-ի մուտքը հայաստանյան շուկա ձգձգվում էր, հստակ հայտնի չէ. ընկերության ներկայացուցիչները շարունակում էին պնդել, թե դեռ ուսումնասիրում են հայաստանյան շուկան: Մյուս կողմից, սակայն, լուրեր էին պտտվում, որ հայ օլիգարխներն են խոչընդոտում «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան:

Ի դեպ, այդ խնդրին անդրադարձան անգամ օտարերկրյա դիվանագետները. մասնավորապես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները պարզապես չեն կարող կասեցնել «Կարֆուր»-ի մուտքը:
Բոլորովին վերջերս էլ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող«Երեւան սիթի» խանութների ցանցը վաճառվել է «Կարֆուր»-ին, որն առաջիկայում արդեն կսկսի գործել: Թե ինչ կլինի հայ գործարարների հետ «Կարֆուր»-ի՝ հայաստանյան շուկա մտնելուց հետո, հայտնի չէ:

Բայց արդեն այսօր ներկրմամբ զբաղվող մի շարք գործարարներ մտահոգված են իրենց հետագա գործունեության ճակատագրով: Ավելին` «Կարֆուր»-ը բացի սննդամթերք ներկրելուց, կարող է զբաղվել նաեւ արտահանմամբ:

Տեղական արտադրողներն ու մի քանի ներկրող ընկերություններ մտավախություն ունեն, որ «Կարֆուր»-ը շուկան կլանելու է, քանի որ «ատամի չոփիկից մինչեւ սնունդ» ներկրելու է, եւ այստեղ արտադրված կամ ներկրված ապրանքները չեն վաճառվի:
Առանց այդ էլ ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսվեցին բացվել, Երեւանում մանր խանութները կամաց-կամաց փակվեցին: Դժվար չէ կռահել, թե ինչ կլինի հիպերմարկետի բացվելուց հետո: Սպասվում էր, որ «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան լուրջ մրցակցություն կստեղծեր ներկրման ու մանրածախ իրացման ոլորտում, որոնք երկուսն էլ հայտնվել են մենաշնորհային վիճակում: Սակայն դա, կարծեք թե, այդպես չէ:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես զարմացած է, թե ինչու «Կարֆուր»-ի մուտքը երկարեց. «Նույնիսկ հասավ կառավարության մակարդակին, մինչդեռ այդպես չպետք է լիներ: Չէ որ կառավարությունը չպետք է խառնվի ամեն օբյեկտի կառուցմանը, այլ պետք է այնպես կարգավորի, որպեսզի ոչ մի կողմն էլ նեղություն չկրի: Բայց այստեղ մի քանի խնդիր կա. նախ` տեղական գործարարները դիմադրում են «Կարֆուրի» ամրապնդվելուն, երկրորդ` «Կարֆուր»-ի առավելությունն այն է, որ դա ե՛ւ եվրոպական սպասարկման մակարդակ է բերում Հայաստան, ե՛ւ ապրանքների գներն ավելի էժան կլինեն:

Թեեւ ես փաստացի ապացույց չունեմ, բայց այն, որ մատչելի կլինի, դա ակնհայտ է, դրա մասին բոլորն են խոսում: Եվ ամենակարեւորը. մեր հանրապետությունում այս ասպարեզում չկա տնտեսական քաղաքականություն, փաստը ցույց է տալիս, որ մեզ մոտ փոքր եւ միջին խանութների քանակը կտրուկ նվազում է»: Այս խնդիրը գոնե փոքր-ինչ կարգավորելու համար, ՀԿ-ի նախագահն առաջարկում է խանութները ճիշտ տեղաբաշխել:

«Կարֆուր»-ի հետագա գործունեության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով,  «Ժողովուրդ»-ը դիմեց հայաստանյան «Կարֆուր»-ի կադրերի բաժնի ղեկավար Մարիաննա Էդիլյանին, ով, սակայն, ընդամենը փոխանցեց, որ ընկերությունն առայժմ չի կարող խոսել իրենց առաջիկա ծրագրերի մասին:
Հ.Գ. Վերջերս «Կարֆուր»-ի մասնաճյուղը բացվեց նաեւ Վրաստանում: Ներկայացուցիչների խոսքով` Քութայիսում եւ Բաթումում հիպերմարկետներ կառուցելու` ընկերության հեռահար նախագծերը մնում են ուժի մեջ: Իսկ ահա ռուսական շուկա ֆրանսիական «Կարֆուր»-ի մուտքն անհաջող ստացվեց. դեռեւս 2009-ին ցանցի մասնաճյուղը բացվեց Մոսկվայում եւ Կրասնոդարում, սակայն մեկ տարի անց` 2010-ին, այն արագորեն փակվեց:

Տեղի գործարար դաշտը նույնպես քննադատորեն մոտեցավ հարցին: Հավելենք, որ Սինգապուրում եւ Հունաստանում նույնպես հիպերմարկետները որոշ ժամանակգործելուց հետո փակվեցին: Իսկ թե Հայաստանում ինչ ապագա կունենա ֆրանսիական «Կարֆուր»-ը, ժամանակը ցույց կտա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս