Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայացած եռակողմ հանդիպումը շարունակություն կունենա։ Նա հանդիպումն անվանել է դիվանագիտության պատմության մեջ կարևոր իրադարձություն՝ նշելով, որ նման ձևաչափով հանդիպումներ նախկինում չեն եղել։
Այս մասին Պուտինը հայտարարել է Չինաստանի Շենչժեն քաղաքում իր աշխատանքային այցի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ինչ կլինի հետո՝ ոչ ոք չգիտի։ Աստված գիտի՝ ինչ կլինի հետո։ Բայց ես շատ կցանկանայի, որ սա շարունակություն ունենար, թեկուզ այն իմաստով, որ մի շարք առանցքային ուղղություններով կարծիքների համադրման արդյունքում, իմ կարծիքով, եթե ոչ համաձայնություն, ապա փոխըմբռնում հաստատվեց»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ իրեն հատկապես դրական տպավորություն է թողել այն հանգամանքը, որ պաշտոնական ելույթներից հետո երեք երկրների ղեկավարների միջև սկսվել է ազատ քննարկում և կարծիքների փոխանակում։
«Գիտեք՝ ինչն ինձ դուր եկավ և շատ դրական տպավորություն թողեց. պաշտոնական հայտարարություններից հետո, երբ դուք՝ մամուլի ներկայացուցիչներդ, և ձեր գործընկերները դահլիճում էիք, մեր նախապես պատրաստված պաշտոնական ելույթներից հետո սկսվեց ազատ քննարկում»,- նշել է նա։
Պուտինը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Մերձավոր Արևելքի և Կորեական թերակղզու իրադրությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի հնարավոր բարեփոխումները։
«Մենք բոլորս ընդունում ենք, որ դա անհրաժեշտ է անել՝ այդ համընդհանուր կազմակերպության աշխատանքը հարմարեցնել այսօրվա իրողություններին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային անվտանգության, միջուկային զենքի տարածման կանխարգելման, ազատ նավագնացության ապահովման և արհեստական բանականության զարգացման հետ կապված սպառնալիքների հարցերին։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնումը կարևոր է միջազգային անվտանգության տեսանկյունից՝ հավելելով, որ Ռուսաստանը արհեստական բանականության ոլորտում համագործակցության շրջանակում կիսվելու բան ունի գործընկերների հետ։
«Ավելի լավ է, երբ կան որոշակի պայմանավորվածություններ, նույնիսկ եթե դրանք մինչև վերջ չեն իրականացվում, քան երբ ընդհանրապես պայմանավորվածություններ չկան»,- ընդգծել է Պուտինը։
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ այնտեղ առկա են բազմաթիվ հակակշիռներ և քաղաքական ուժերի հավասարակշռությունը պահպանելու գործիքներ։
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Անի Վարդանյան
























































































