Տասներեք տարվա նախարարի աղքատիկ ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի հրամանով Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը նշանակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական: Փաստորեն 13 տարի նախարարական պորտֆել զբաղեցնող Մովսիսյանն առանց աշխատանք չմնաց:

Արմեն Մովսիսյանը ծնվել է 1962թ. հունվարի 13-ին Կապան քաղաքում: 1978թ. ընդունվել է  Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, ավարտելով այն ուսումը շարունակել է Համամիութենական թեթև արդյունաբերական ինստիտուտում:

Ինչպես և շատերը, նա նույնպես իր աշխատանքային գործունեությունը սկսել է  որպես բանվոր, ապա աշխատել է որպես վարպետ, բրիգադիր, արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ: Քիչ-քիչ առաջ գնալով, արդեն 1991-1992թթ. եղել է Կապանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ապա Կապանի «Էլեկտրոն»  գործարանի տնօրեն:

Էներգետիկայի նախարարությունում իր աշխատանքը սկսել է 1998թթ.-ին` աշխատելով որպես «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝գործադիր տնօրեն: Արդեն 2000-2001 թթ. Զբաղեցրել է  ՀՀ էներգետիկայի  նախարարի տեղակալի պաշտոնը:  2001թ. ապրիլի 18-ից մինչ 2008թ. ապրիլի 22-ը եղել է ՀՀ էներգետիկայի նախարար: 2008թ.-ից էլ զբաղեցնում էր  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը:

Արմեն Մովսիսյանը Հայաստանում թերևս  ամենաերկարակյաց նախարարն էր՝ մոտ մեկուկես տասնամյակ նա զբաղեցնում էր այդ կարեւորագույն ոլորտի նախարարի պաշտոնը: Կառավարության ձևավորման ընթացքում պարզ դարձավ, որ նախարարների պաշտոնում նշանակվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մարդիկ»` Արմեն Գևորգյան, Երվանդ Զախարյան, Արմեն Մուրադյան:

Արմեն Մովսիսյանը 2013թ. ներկայացրած ունեցվածքի և գույքի հայտարարագրում այնքան էլ շատ տվյալներ չի ներկայացրել: Նա հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ ավտոտնակ: Նախկին նախարարի դրամական միջոցները կազմում են 15.000 դոլար, իսկ նրա եկամուտն  էլ գոյացել է միայն  նախարարական  աշխատավարձից, որն էլ կազմել է 4.780. 692 դրամ:

Հիշեցնենք, որ Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայր Թաթուլ Մարգարյանը 2005թ.-ից զբաղեցնում է   ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Նա էլ իր հայտարարագիրը լրացնելիս շռայլ չի գտնվել` նշել է միայն 45.000 դոլար, իսկ աշխատավարձն էլ կազմում է 54.396 դոլար:

Այդ նշանակումներից հետո ակտիվորեն խոսակցություններ շրջանառվեցին, թե Արմեն Մովսիսյանը չի վերանշանակվի իր պաշտոնում, քանի որ վերջերս ակտիվորեն քննադատել է երկրորդ նախագահին: Այդպես էլ եղավ, սակայն գործող նախագահը չցանկացավ լիովին հրաժարվել նախկին նախարարի ծառայություններից և իր խորհրդական նշանակեց:

«Հին» կադրերն իշխանություններին դեռ պետք են:




Լրահոս