Վայոց Ձորի ԱԱԾ ղեկավարը տոկոսով գումար է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի դատաքննությունը շարունակվում է:

Վերջին դատական նիստին վկայություն տված սպառողական կոոպերատիվի նախագահի օգնական Լուսաբեկ Սամվելյանը նշեց, որ Վայոց Ձորի մարզի ԱԱԾ ղեկավար Գագիկ Առաքելյանը իրեն 5%-ով տվել է 40 հազար ԱՄՆ դոլար, որի դիմաց որպես գրավ վերցրել է երեք բնակարան: Բնակարաններից մեկը  վերադարձրել է բնակչին` գումարի դիմաց: Մյուս երկու բնակարանները մնում են Գ. Առաքելյանի մոտ:

Գ. Առաքելյանի հատկացրած գումարից Լ. Սամվելյանը վերադարձրել է 38 հազար դոլարը, մնացած երկու հազար դոլարի դիմաց ԱԱԾ ղեկավարը պահում է երկու բնակարանը:

ՀՔԾ-ում Գագիկ Առաքելյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշում այնուամենայնիվ չի ընդունվել:

Ավելի ուշ կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանը բողոք է ներկայացրել: Սակայն ԱԱԾ-ում քննվելը ոչ մի արդյունք չի տալիս:

Լ. Սամվելյանի ցուցմունքից տեղեկանում ենք, որ ԱԱԾ-ում հարցաքննվել են բնակարանի տերերն ու սպառողական կոոպերատիվի  հաշվապահը: Գագիկ Առաքելյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, քննչական մարմինների վրա ազդելով` ստիպում է նրանց` իրեն վաշխառու չճանաչել:

Հաջորդ վաշխառուն, Լուսաբեկ Սամվելյանի խոսքերով, բարձրաստիճան զինվորական Հայկ Ստեփանյանն է, ով իրենց տվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, ինչի դիմաց երեք բնակարան է վերցրել, և մինչ օրս այդ բնակարանները չի վերադարձրել:

Այնուհետև կոոպերատիվի նախագահի օգնականը նշեց, որ «Պրոմեթեյ» բանկից իրենք վերցրել են 500 հազար դոլար, որից 160 հազարը վերադարձվել է բանկին:

Բանկի ղեկավարը գումարը բարձրացրել է մինչև 480 հազար ԱՄՆ դոլար, այսինքն, տոկոս է ավելացրել:

Սրա դիմաց բանկի ղեկավարը Գևորգ Չաուշի 14/3 շենքից գրավի դիմաց վերցրել է երկու բնակարան, ավտոտնակներ և առաջին հարկում խանութների համար նախատեսված 800 քմ տարածք` մոտ 2 մլն դոլար արժողությամբ:

Այն, Սամվելյանի փոխանցմամբ, մինչ այժմ «Պրոմեթեյ» բանկի մոտ արգելափակված է:

Տաթև Հարությունյան




Լրահոս