Երիտասարդական Կոնգրեսի բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ երիտասարդները այսօր հրավիրված համագումարում ներկայացրել են իրենց բանաձևը, որը ներկայացնում ենք ստորև.

2008թ.-ի փետրվարի 19-ի կեղծված ընտրություններով, Մարտի 1-ին իրագործված սպանդով իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի ռեժիմը հետևողականորեն շարունակում է Հայաստանի անխնա թալանն ու կեղեքումը:

-Սպառնալիքների, հարկային և ոստիկանական տեռորի, բռնությունների, ընտրակաշառքի, լրատվամիջոցների վերահսկման և ապատեղեկատվության, վախի մթնոլորտի տարածման միջոցով բոլոր մակարդակների ընտրությունների կեղծումը:

-Պետական սեփականության օտարման և յուրացման միջոցով Հայաստանը տնտեսական կախվածության մեջ գցելը, մասնավորապես «գազի» հայտնի պայմանագով և Որոտանի կասկադի մասնավորեցմամբ։

– ՀՀ քաղաքացիներին թալանելու մեխանիզմների ձևավորումը՝ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիները, բարձր տուգանքներով և հօգուտ մասնավոր ընկերությունների տեղադրված բազմաթիվ արագաչափերը , տրանսպորտի վարձավճարի ապօրինի թանկացումը, հակասահմանադրական պարտադիր կենսաթոշակային օրենքի կիրառումը:
-Պետական հովանավորչությունը, պաշտոնյաների անպատիժ հանցավոր գործարքները, վերևից հսկվող և համակարգված կոռուպցիան, մենաշնորհները, խորացող անօրինականություններ ու օֆշորային ապօրինությունները։ Հայաստանից շարունակաբար միլիարդավոր դոլարների ապօրինի դուրսբերումը:

– ՀՀ զինված ուժերում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններն ու անպատժելիությունը, բարոյահոգեբանական վիճակի վատթարացումը, խեղված առողջությամբ երիտասարդներն ու մահվան ելքով հարյուրավոր դեպքերը։

– Ուսման վարձավճարների թանկացումը, պետական մակարդակով խրախուսվող պատմական փաստերի կեղծիքները և խեղաթյուրումները դասագրքերում, ուսանողների, դասախոսների, ուսուցիչների հարկադիր կուսակցականացումը, նրանց ներգրավումը ընտրությունների կեղծման գործընթացներում:
– Ինքնուրույն հայացքներ ունեցող ակտիվ երիտասարդների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները՝ ձերբակալությունները, բանտարկությունները, ինչպես՝ օրինակ, ՀԱԿ երիտասարդների նկատմամբ հարուցված տասնյակ քրեական և վարչական գործերը, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի ձերբակալությունը, Տիգրան Առաքելյանի ավելի քան 2 տարվա բանտարկությունը, վարչական տուգանքների կիրառումը, ոստիկանության կողմից վերահսկվող քրեական տարրերի բռնությունները: Կոնգրեսի երիտասարդական միջոցառումներիխոչընդոտումը, ինչպես նաև տրանսպորտի վարձավճարի, Փակ շուկայի, Կոմիտաս 5-ի, Կենսաթոշակային բարեփոխումների և այլ հարցերով իրենց բողոքը արտահայտող ակտիվիստների նկատմամբ իրականացվող հետապնդումները:

– Հայաստանի ընդերքի անխնա թալանը, պետական մակարդակով խրախուսվող կոռուպցիոն համակարգի առկայության արդյունքում հանքարդյունաբերությունից պետական բյուջե մտնող չնչին տոկոսները:

– Արտաքին հարաբերություններում վտանգավոր ձախողումները ՝ Ցյուրիխյան ուրացումը, հավասարակշռված քաղաքականության տապալումը, Հայաստանի հեղինակության անկումը, տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական մեկուսացման խորացումը և այլն:

Այս ամենի հետևանքով աղքատության, գործազրկության, արտագաղթի, ծավալների մեծացումը արդեն լրջորեն հարվածի տակ է դրել ՀՀ անվտանգությունը՝ զրկելով նրան կայուն զարգացման, ՀՀ քաղաքացիների համար բարեկեցության և ապահովության երաշխիք հանդիսացող պետություն լինելու հեռանկարից:

Աղետալի այս ընթացքը օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտության գիտակցմամբ է, որ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները արդեն երկար տարիներ հետևողականորեն շարունակում են մնալ բռնապետության կապանքներից ազատվելու և սահմանադրական կարգը վերականգնելու պայքարի առաջին շարքերում: Թե՛ հրապարակներում, թե՛ տարբեր ամբիոններում և թե ՛ համացանցում չեն խնայել իրենց ջանքերը Հայաստանում քաղաքական իրավիճակը արմատապես ձևափոխած Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցության և մյուս ընդդիմադիր ուժերի գործունեությանը աջակցելու գործում:

Կոնգրեսի երիտասարդները, շարունակելով լինել ակտիվ քաղաքական գործընթացների կիզակետում և դրանով օր օրի ավելի մեծացնելով սեփական գիտելիքներն ու փորձառությունը, մշտապես հանդես են եկել սեփական նախաձեռնություններով:

Մասնավորապես՝

– Լինելով Երիտասարդ Լիբերալների Միջազգային ասոցացիայի և Եվրոպայի Երիտասարդ Լիբերալների միության լիիրավ անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները մասնակցել են թե՛ միջազգային կառույցների, թե՛ տարածաշրջանային և ներհանրապետական երիտասարդական միջոցառումների՝ ամենուր ներկայացնելով կուսակցությունը պատշաճ մակարդակով։

– Անցած վեց տարիների ընթացքում մասնակցել և կազմակերպել են բազմաթիվ միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր, ցույցեր, պիկետներ, ֆլեշմոբեր, իրազեկումներ, նախընտրական հանդիպումներ և քարոզարշավներ:

-Մշտապես բաց լինելով և ողջունելով այլ ուսանողական–երիտասարդական կառույցների հետ համատեղ միջոցառումների իրականացման ծրագրերը՝ արդյունավետորեն համագործակցել է ԲՀԿ ԵՄ, ՀՅԴ ԵՄ, Նիկոլ Աղբալյան ուսանողական միության, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական ուսանողական միավորման և այլ երիտասարդական կառույցների ու նախաձեռնությունների հետ։ Ակտիվորեն մասնակցել են ընդդիմադիր կուսակցությունների կողմից նախաձեռնած ընտրությունների միասնական վերահսկողության շտաբի ձևավորման աշխատանքներին, ՀԱԿ-ի, Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցության անդամներ ՀԺԿ-ի, ՎՍԴՀԿ-ի, ինչպես նաև՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ժառանգության կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, ինչպես նաև այլ համատեղ միջոցառումներ իրականացնելու շուրջ քննարկումներին: Մասնակցել են բնապահպանական, սոցիալական, մշակութային, սահմանադրական իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումների և նախաձեռնությունների։ Աջակցել են «Ընդդեմ ոստիկանական ապօրինությունների», «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», « Պահանջում ենք պատժել հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Բանակն իրականում», «Վճարում ենք 100 դրամ», «100C», «Դեմ եմ» և այլ քաղաքացիական շարժումների նախաձեռնած միջոցառումներին:

Հաշվի առնելով գործող իշխանությունների հանցավորության ու ապաշնորհության հետևանքով ստեղծված՝ Հայաստանի անկախությանն ու հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող վտանգը, ինչպես նաև կարևորելով Հայաստանը իրավական պետության դարձնելու գործում երիտասարդների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, վերահաստատելով սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված պայքարը շարունակելու և հաղթական ավարտին հասցնելու իր պատրաստակամությունն ու վճռականությունը,

ՀԱԿ երիտասարդների համաժողովը անհրաժեշտ է համարում

1. Կարևորել տարածաշրջանային երիտասարդական ծրագրերին Երիտասարդական Կոնգրեսի սոցիալ-ազատական գաղափարախոսություն ունեցող միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման աշխատանքների շարունակականության ապահովումը:

2. Կարևորել Երիտասարդական Կոնգրեսի ակտիվ ներկայությունը մամուլում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև երիտասարդական քաղաքական, քաղաքացիական միջոցառումների ակտիվ կազմակերպումը:

3. Երիտասարդական Կոնգրեսի նախաձեռնությամբ կազմակերպել հասարակական-քաղաքական դաշտում առկա խնդիրների, դրանց լուծման ճանապարհների շուրջ պարբերաբար հավաքներ, երթեր, քննարկումներ, ֆորումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ քաղաքական և քաղաքացիական դաշտում ակտիվ շրջանակների ներգրավմամբ:

4. Գիտակցելով երկրում ազատ և օրինական ընտրությունների անցկաման կարևորությունը՝ ակտիվորեն մասնակցել երկրում ընթացող յուրաքանչյուր ընտրական գործընթացին, ակտիվ աշխատանք տանել հասարակության շրջանում թե՛ նախընտրական փուլում, թե՛ բուն ընտրության օրը՝ ընտրական տեղամասերում:

5. Հանձնարարում է ձևավորել երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն՝ քննարկումներ կազմակերպելու, երիտասարդների խնդիրներին արագ արձագանքելու, լուծումներ առաջարկելու նպատակով:

6. Հանձնարարում է Երիտասարդական Կոնգրեսին մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ը ձևավորել երիտասարդությանը հուզող խնդիրների վերաբերյալ օպերատիվ արձագանքելու, տեղերում իշխանությունների հակաօրինական գործողությունների դեմ կազմակերպվող միջոցառումները առաջնորդելու կամ դրանց աջակցելու, կուսակցության ծրագրերն ու գաղափարախոսությունը տարածելու հնարավորություն ունեցող տարածքային երիտասարդական խորհուրդներ:

Կոչ է անում քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերին համախմբվել մեկ՝ ՀՀ–ում սահմանադրական կարգի վերականգման և բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակի շուրջ:




Լրահոս