Մի շարք ապրանքների վրա դրոշմապիտակների առկայությունը պարտադիր կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված «Առևտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այս օրենքը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարրայավորված` սույն հոդվածով ներկայացված աղյուսակում ներառված ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է: Այս ապրանքների ցանկին են դասվում կաթնեղենը, սուրճը, թեյը, ձեթը, մսեղենը, ձկնեղենը, պահածոները, պաղպաղակը, քացախը, ինչպես նաև` կոսմետիկ միջոցները:

Ընդ որում հարկ է նշել, որ դրոշմապիտակները տրամադրվում են հայտի հիման վրա և դիմողը դրա դիմաց նաև որոշակի վճարում է պարտավոր կատարել: Բացի այդ, դրոշմապիտակի վրա պետք է անզեն աչքով տեսանելի ձևով նշված լինի կամ դրոշմապիտակը պետք է հնարավորություն ընձեռի համապատասխան սարքի միջոցով տեսանելի դարձնել ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, հասցեն և արտադրողին վերաբերող այլ տվյալներ:

Նշենք, որ այս օրենքը քննարկվում էր արտահերթ նիստի ընթացքում և դա առաջացրեց մի քանի պատգամավորների զարմանքը, որոնք ցանկանում էին հասկանալ, որն է այս օրենքի արտահերթ նիստում  քննարկելու անհրաժեշտությունը: Ի տարբերություն այս տեսակետի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս օրենքը նույնիսկ ուշացել է և պետք է  ավելի շուտ քննարկվեր և ընդունվեր:

«Հիմնական խնդիրն այնն է, թե ինչու հիմա որոշվեց քննարկել այս հարցը, չէ որ Կառավարությունը դեռևս հունվարին  արդեն հավանություն էր տվել այս օրենքին, ինչու է միայն հիմա գալիս Ազգային Ժողով: Եթե ժամանակին չեն կիրառել օրենքով նախատեսված քայլերը, ապա  ինչ վնասներ է կրել բյուջեն: Այս բոլոր հարցերի պատասխաններն ես ԱԺ-ում չեմ ստանում», – նշեց նա:

Անդրադառնալով արդեն ստվերի դեմ պայքարին, նա նշեց, թե նույնիսկ փոքր երկրները ցանկության դեպքում կարողանում են պայքարել ստվերի դեմ:




Լրահոս