ԱՊԱՆԱԽԱՁԵՌՆԻՉ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշում եք, ժամանակին հանրապետականները կոկորդ էին պատռում` գովելով Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը»: Ընդ որում` դա ասվում էր ի հեգնումն Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի «կոմպլիմենտար քաղաքականության»: Անցավ ընդամենը մեկ-երկու տարի, եւ Սարգսյանի «նախաձեռնողականության» մասին խոսակցություններն աստիճանաբար մարեցին: Իսկ այսօր արդեն որեւէ մեկը չի օգտագործում այդ արտահայտությունը:
Բանն այն է, որ նույնիսկ ՀՀԿ-ում հասկանում են, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը» մեզ հանգեցրել է վատ, շատ վատ վիճակի, երբ Հայաստանը ձեռքը պարզած հաշմանդամ կույրի քայլվածքով գնում է այնտեղ` չգիտի որտեղ, բերելու այն, չգիտի, թե ինչ:
Ընդամենը մի քանի օրից` մայիսի 29-ին, Աստանայում ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Սակայն մինչ օրս հայտնի չէ` արդյոք Հայաստանը ստորագրելու է այդ փաստաթուղթը: Երեկ ՄՄ անդամ երկրների եւ ՀՀ միջեւ կազմակերպված տեսակամրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման եւ ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարել է. «Առայժմ խնդիր է դրված մինչեւ հունիսի 1-ը նախապատրաստել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը: Չեմ ասի, թե երբ կունենա այդ փաստաթղթի ստորագրումը, քանի որ այն կողմերի միջեւ բանակցությունների առարկա է»:
Փաստորեն` միության ստեղծումից ընդամենը 15 օր առաջ էլ պարզ չէ` արդյոք մեզ այնտեղ սպասում են, թե ոչ: Մինչդեռ հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ից հետո` ընդհուպ մինչեւ տարեվերջ, բոլոր մակարդակներով խոսվում էր այն մասին, որ Հայաստանը լինելու է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր եւ լիիրավ անդամ:
Թե ինչն է պատճառը, որ Հայաստանի անդամակցության հարցն այդպես ձգձգվում է` անհայտ է, եւ տարօրինակն այն է, որ Հայաստանի ոչ իշխանական քաղաքական դաշտը ոչինչ չի անում` Սերժ Սարգսյանից պարզաբանումներ պահանջելու համար:
Իսկ մինչ հայրենի ԱԳՆ-ն եւ չափազանց նախաձեռնողական հանրապետականները լռում են, երեկ ԵՏՀ բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, բացահայտել է Հայաստանի անդամակցության հարցի ձգձգման պատճառը: Ազարովն ասել է. «Մաքսային միությանը կամ մեր որեւէ միությանը Ղարաբաղի անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում, միության սահմաններն անցնելու են Հայաստանի՝ ներկայում ընդունված սահմաններով»: Ասել է թե` մեր երկիրը գլխապատառ ՄՄ-ի գիրկը նետող Ս. Սարգսյանը մինչ օրս չի կարողացել համաձայնեցնել Ղարաբաղի անդամակցության հարցը: Եվ եթե այդպես շարունակվի, ապա ազգովի` Հայաստանով ու Ղարաբաղով հանդերձ, մնալու ենք Ս. Սարգսյանի «նախաձեռնողականության տակ»:




Լրահոս