ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ինքնակամ կառույցը եւ ընդհանրապես ո՞վ է զբաղվում ինքնակամ կառույցներով:

Դավիթ Մխոյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնակամ կառույց է համարվում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, ըuտ գույքի գտնվելու վայրի, պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին: («Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք» 188-րդ հոդված եւ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N 912-Ն որոշում, 9-րդ հոդված):

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում հստակ ներկայացված են նման շինությունների սահմանումն ու դիմելու համապատասխան վայրը: Մնում է՝ յուրաքանչյուր քաղաքացի տեղյակ լինի գործող կարգին եւ կիրառի այն:

 

ՀԱՐՑ. Աղջիկս առաջին կարգի հաշմանդամ է եւ ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել: Խնդրում եմ ասեք, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ ստանալու համար:

Դիանա Ստեփանյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն՝ ներկայացնելով
-անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար՝ ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
-համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
– առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,
-լսողական սարք ստանալու համար՝ նաեւ սուրդոլոգի եզրակացություն,
-աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացություններ:
Պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցները տրամադրվում են անվճար:

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2014 թվականի հունվար 1-ի դրությամբ 193.836 հաշմանդամություն ունեցող անձանցից շուրջ 8500-ը, կարիքներին համապատասխան, ապահովվել է պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներով, ձայնաստեղծ սարքերով, աչքի պրոթեզավորումով: Նրանց տրամադրվել են սայլակներ, լսողական սարքեր: Իսկ բժշկասոցիալական եւ հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ է ստացել շուրջ 1000 հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով անձ:

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞րն է համարվում ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի էական խախտում, եւ խնդրում եմ տեղեկացնել նաեւ, թե ի՞նչ է նշանակում ապրանքի երաշխիքային ժամկետ:

Սվետլանա Մխիթարյան (65 տարեկան, կենսաթոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպես նաեւ այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո եւ նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել պայմանագիրը կատարելուց եւ պահանջել վերադարձնելու ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքի, ծառայության) փոխարինելու պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (աշխատանքի, ծառայության): Հայտնում ենք, որ ապրանքի երաշխիքային ժամկետը դա ժամանակահատված է, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել օրենքով սահմանված սպառողի պահանջները:

Շուկայի վերահսկողության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած համապատասխան վերահսկողությանը եւ պարբերաբար անցկացվող ստուգումներին, հաճախ են հանդիպում խախտումների դեպքեր: 2013թ. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ՀՀ-ում իրականացվել է 62 դիտարկում եւ 15 ուսումնասիրություն: Արդյունքում 777 տնտեսվարող սուբյեկտներից 468-ում հայտնաբերվել են խախտումներ:




Լրահոս