Հայտնի է Գորիսի աղմկահարույց դեպքը քննող դատավորի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հունիսի 1-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին:

Մեղադրական եզրակացության բովանդակության համաձայն` Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկացել է, որ 01.06.2013 թ. ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծի են ենթարկել՝ նպատակ ունենալով վախեցնել նախկին մարզպետին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում:

Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով: Այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:




Լրահոս