Երևանի 50-ամյա բնակիչ Հրաչյա Գևորգյանը, ով նախկինում 5 անգամ դատապարտված է եղել, գումար է «վաստակել» մարդկանց առևանգելով և նրանց ազատության դիմաց գումար շորթելով:
Armlur.am-ը տեղեկացավ, որ Հ. Գևորգյանը, 2012 թվականի սկզբներից մինչև նույն թվականի մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում, նախկինում դատապարտված 28-ամյա Գարիկ Հարությունյանի հետ համատեղ, բռնության գործադրմամբ, իր բնակարանում որպես պատանդ պահել է Երևանի բնակիչներ Նաիրա Հարությունյանին և նրա անչափահաս որդուն` Սուրեն Ջաբուրյանին:
Պատանդներին ազատելու պայմանով Ն. Հարությունյանի հորից` Ս. Հարությունյանից հարկադրաբար պահանջել են գումար, որը ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին:
Տեղեկացնենք նաև, որ մինչ վերոնշյալ առևանգման կազմակերպումը, Հրաչյա Գևորգյանը, գտնվելով ազատազրկման մեջ, բազմիցս Ս. Հարությունյանին սպառնացել է, թե կցուցադրի նրա դստեր` Ն. Հարությունյանի լուսանկարները և կնվաստացնի նրան, այդ կերպ պահանջել և ստացել է խոշոր չափերի հասնող գումար:
Դեպքի առթիվ Ոստիկանության Աջափնյակի բաժնում հարուցվել է քրեական գործ, և Հրաչյա Գևորգյանի ու Գարիկ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը մակագրվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն, ում լիազորությունները հետագայում կասեցվել են, և գործն այժմ գտնվում է դատավոր Մարինե Մելքոնյանի վարույթում:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Հրաչյա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 2 մասի 1, 3, 4, 7 կետերով (Պատանդ վերցնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, ակնհայտ անչափահասի նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով), 34-139 հոդվածի 1 մասով (Հանցափորձը կամ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները`համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով), 316 հոդածի 1 մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը` Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) և 182 հոդվածի 1 մասով (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա):
Հ. Գևորգյանի շահերի պաշտպանն է փաստաբան Ազատ Մարգարյանը:
Իսկ Գարիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 2 մասի 1, 3, 4, 7 կետերով (Պատանդ վերցնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, ակնհայտ անչափահասի նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով): Դատարանում Մարգարյանի պաշտպանն է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Տաթև Հարությունյան