ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ

«Արմավիա» ավիաընկերությունը սկսել է կամաց-կամաց վճարել իր նախկին աշխատակիցների՝ ամիսներ շարունակ կուտակված աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ը «Արմավիա»-ի նախկին ինժեներներից տեղեկացավ, որ նրանք առայժմ ստացել են անցյալ տարվա հունվարի աշխատավարձը: Նրանք հույս ունեն, որ դեկտեմբերի վերջերին կստանան իրենց աշխատավարձերը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ինժեներներից մոտ 17-ը ներկայումս այլ երկրներում է աշխատում:

 

ԽՄՈՐՈՒՄՆԵՐ

Գաղտնիք չէ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում մշտապես «մրցակցություն» կա, թե ով կարող է ավելի շատ «շփվել» լրագրողների հետ, տեսակետներ հայտնել, հետեւաբար նաեւ երեւալ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աչքին: Վերջին օրերին համառ լուրեր են շրջում, որ կրկին սրվել են ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները: Ի՞նչ ունեք միմյանց հետ կիսելու, ինչո՞ւ եք «մրցավազքի» մեջ մտել: «Ժողովուրդ»-ի այս հարցին Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Ձեր ձեւակերպումները տեղին չեն, ես ընդամենը մեր կուսակցության խոսնակն եմ, որի գործառույթների մեջ է կուսակցության կողմից հանձնարարվածը ձեզ տեղեկատվության տեսքով ներկայացնելը: Հանրությանն ու լրատվամիջոցներին մենք մշտապես տեղյակ ենք պահում այն գործողությունների մասին, որոնք մենք իրականացնում ենք: Նաեւ ձեզ հուզող հարցերին ենք պատասխանում: Ու քանի որ մենք ենք համեմատաբար ակտիվ, հետեւաբար մեր միջեւ պետք է սեպ խրել»:

 

 

ԿԱԽՎԵԼ Է

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 3-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում: 49-ամյա Սաթենիկը պարանով կախվել է իր տան պատուհանի փեղկից: Երեկ փորձեցինք Սաթենիկի հարեւաններից պարզել, թե ինչը կարող էր կնոջը նման քայլի դրդել: Մեր զրուցակիցները հիմնականում նշեցին, որ կինն առողջական լուրջ խնդիրներ ուներ: Ոմանք էլ ասացին, թե նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից միայն հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

ՊՐԱԿՏԻԿԱՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ

«Քննչական կոմիտեի մասին», «Քննչական դեպարտամենտի մասին» օրինագծերը մշակված են. դրանք ուղարկվել են Սերժ Սարգսյանի աշխատակազմ, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարություն: Այդ մասին երեկ հայտնել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը: Անդրադառնալով ստեղծվելիք կառույցի անկախությանը՝ նա ասել է. «Որեւէ կառույցի անկախության մասին խոսելիս մենք պետք է դա դիտարկենք առաջին հերթին հենց օրենսդրական անկախության, այսինքն՝ օրենսդրական երաշխիքների տեսանկյունից, իսկ օրենսդրական երաշխիքներն այսօրվա արդեն իսկ օրենքի նախագծով նախատեսված են: Հետագա պրակտիկան ցույց կտա»:




Լրահոս