Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ շարքային Վանիչկա Հովակիմյանի գործն արդեն ուղարկվել է դատարան. armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ գործն ուղարկվել է դատարան մայիսի 26-ին և կքննվի Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում:
Գործով մյուս կալանավորվածներից ժամկետային զինծառայող 19-ամյա Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով) եւ 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով, իսկ 20-ամյա Պարույր Մկրտչյանին՝ միայն ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Գործով 3-րդ կալանավորվածը վաշտի հրամանատար Արթուր Մուրադյանին, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել):
Տաթև Հարությունյան