ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ

Քանի որ 2014թ. պետական բյուջեի նախագծին այսօր ԱԺ 6 խմբակցություններից 4-ը դեմ են քվեարկելու, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը մնացել է ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հույսին, իշխանությունները խորհրդարանում գլխաքանակ ապահովելու համար աննախադեպ միջոցառումների շարք են սկսել: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ բյուջեի նախագծի քվեարկության պատճառով ԱԺ մի քանի ՀՀԿ-ական պատգամավորի արգելվել է մեկնել գործուղման, ու նրանք ստիպված են եղել հետաձգել չվերթը, իսկ նրանց, ովքեր գտնվում են արտերկրում, հրահանգված է գիշերը վերադառնալ: Նախնական տվյալներով՝ ՀՀԿ-ն այսօր պետք է փորձի դահլիճում ապահովել 70-71 «կողմ» պատգամավոր: Չնայած երեկ՝ բյուջեի քննարկումների ժամանակ, դահլիճում ներկա պատգամավորների թիվը չէր անցնում 20-ը:

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ԿԱՆԱՆՑ ՊԱՇՏՊԱՆ

ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց ՀԱԿ հարցապնդման արդյունքում կոռուպցիոն երեւույթները ստուգելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քվեարկությանը: «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի հրահանգով, քանի որ ՀԱԿ-ն առաջարկել է ստուգել ու գլխավոր դատախազություն ուղարկել ոչ միայն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այլեւ նրանց կանանց ունեցվածքի հայտարարագրերը: Ծառուկյանն ասել է, թե կոռեկտ չի համարում կանանց հայտարարագրերը ստուգելու համար դատախազություն դիմելուն կողմ քվեարկելը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ականներն այս կապակցությամբ զրուցել են ՀԱԿ գործընկերների հետ, մտահոգություն հայտնել, բայց քանի որ հարցապնդումն արդեն ուղարկված է եղել, տեխնիկապես հնարավոր չի եղել որեւէ բան փոխել: ԲՀԿ-ական պատգամավորները, սակայն, երեկ հրաժարվեցին պատասխանել այդ մասին «Ժողովուրդ»-ի հարցին:

 

 

ՀԵՌԱՑԵԼ Է

ԱԺ արտաքին կապերի վարչության Միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի պետ Եսթեր Մկրտումյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նա անցել է դիվանագիտական աշխատանքի Արգենտինայում ՀՀ դեսպանատանը: Մկրտումյանը, ի դեպ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության քարտուղարն էր, եւ ինչպես պնդում են պատգամավորները, նրա ուսերին էր ընկած պատվիրակության աշխատանքների մեծ մասը: Երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր, թե ով է հատկապես ԵԽԽՎ հայկական պատվիրակության քարտուղարի պաշտոնում փոխարինելու Եսթեր Մկրտումյանին:

 

 

ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ

Երեկ՝ երեկոյան 20:00-ից, Երեւանի Հարավարեւմտյան Բ-2 թաղամասում անջատվել էր գազամատակարարումը՝ ընդ որում, առանց զգուշացման: Թերեւս կարիք չկա բացատրելու, թե ինչ անհանգստություն էր պատճառել «Հայռուսգազարդ»-ի այդ անպատասխանատվությունը ձմեռվա ցուրտ օրերին: Մինչ կեսգիշեր գազամատակարարումը դեռ չէր վերականգնվել:




Լրահոս