ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՀԱՃ ՊԱՏԿԵՐ

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ սկանդալային հայտարարություն են արել: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` 2013թ. մարտի 18-ի հայտարարությանը, թե «այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա», Դավիթ Սարգսյանն ասել է. «Սերժ Սարգսյանը քաղաքական հայտարարություն է արել»: Իսկ Արմեն Աշոտյանը Ս. Սարգսյանի հայտարարություններն այսպես է որակել է. «Նախագահի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ակնկալիքը քաղաքական հորդոր է եղել»: Փաստորեն, վարչապետի մտերիմ նախարարները գտել են Ս. Սարգսյանի հանձնարարությունները չկատարելու լավագույն արդարացումը: Միայն թե, սրանով Դ. Սարգսյանն ու Ա. Աշոտյանը կասկածի տակ են դրել տնտեսության ու տնտեսագիտության վերաբերյալ Ս. Սարգսյանի գիտելիքները եւ այդպես ցույց են տալիս, որ իրենք լուրջ չեն ընդունում այդ խոսքերը` դրանք համարելով ուղղակի քաղաքական հայտարարություն, այլ ոչ թե հանձնարարություն: Իսկ քաղաքական հայտարարությունները մարդիկ անում են սեփական PR-ի շրջանակներում:

 

 

ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ

ԱԺ-ն երեկ 70 կողմ, 41 դեմ ձայնով ընդունեց 2014թ. պետական բյուջեի մասին օրենքը: Ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն մոբիլիզացրել էր իր ողջ ուժերը` բյուջեի քվեարկության ժամանակ քվորում ապահովելու համար: Միայն ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութն էր սեղմել «ձեռնպահ» կոճակը, բայց հետո մոտեցել էր ԱԺ քարտուղարություն եւ ուղղել արածը` հայտարարելով, որ ինքն էլ է դեմ: Ի դեպ, երեկ բյուջեի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, սակայն, գերադասեց չհակադարձել ոչ կոալիցիոն ուժերի` իր կառավարության հասցեին հնչեցրած քննադատություններին: Ավելին, վարչապետն այդպես էլ չտվեց իրեն ուղղված կարեւոր մեղադրանքի պատասխանը. խոսքը վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի` գազային սկանդալի մասին հայտարարություններին, երբ ՀԱԿ-ը բացահայտել էր, որ կառավարությունն ընտրություններից առաջ երկու տարի շարունակ գաղտնի էր պահել գազի սակագնի բարձրացումը` այդպես լուրջ պարտքեր կուտակելով: Փոխարենը Տ. Սարգսյանը ողջ ելույթում փորձել է համոզել, թե ինչ լավ բան է կուտակային կենսաթոշակային համակարգը:

 

 

ԴԻՏՄԱ՞ՄԲ, ԹԵ՞ ՊԱՏԱՀՄԱՄԲ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմել է «պարոն նախագահ» արտահայտությամբ: Իհարկե, կարելի է մտածել, որ սա պարզապես շփոթմունքի հետեւանք է: Բայց Ֆրեյդի տեսությունը պնդում է, որ նման շփոթմունքները պատահական չեն, այլ մարդն ասում է այն, ինչ առկա է իր ենթագիտակցականում: Սրանից էլ կարելի է եզրակացնել, որ ոստիկանապետի ենթագիտակցականում վարչապետը նախագահ է կամ էլ միգուցե նա Տ. Սարգսյանին ներքուստ համարում է ՀՀ հաջորդ նախագահը: Իսկ գուցե շփոթեցրե՞լ է ներկաներին: Ամեն դեպքում, հետաքրքիր է:




Լրահոս