ԿՈՆԳՐԵՍԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես» դաշինքում, ամենայն հավանականությամբ, ներկայացված չի լինի հիմնական կուսակցություններից մեկը` ՍԴՀԿ-ն: Բանն այն է, որ ՍԴՀԿ ներկուսակցական խմորումների պատճառով վտանգված է Հայ ազգային կոնգրեսի մասնակցությունն ԱԺ առաջիկա ընտրություններին:
Արդարադատության նախարարության պետական ռեգիստր ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա ՍԴՀԿ ատենապետ է գրանցված Գեւորգ Պերկուպերկյանը: Ու հիմա, թեեւ կուսակցության կնիքն ու մյուս փաստաթղթերը գտնվում են Լյուդմիլա Սարգսյանի մոտ, նա իրավունք չունի ստորագրել դաշինք կազմելու վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի որոշման տակ:
Լյուդմիլա Սարգսյանը ստեղծված խնդրի կապակցությամբ դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն: Երեկ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը պատասխանել է նամակին` պարզաբանելով, որ իրավաչափ որոշում ընդունելու համար իրենց անհրաժեշտ է, որպեսզի վարչական մարմինն իրազեկ դառնա գործի ելքով շահագրգիռ բոլոր անձանց կարծիքներին: Ու հիմա իրենք ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` օրենքից բխող որոշում կայացնելու համար: Նշենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն` այդ գործողությունները պետք է իրականացվեն 30 օրվա ընթացքում: Բայց քանի որ առաջադրումներին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, ակնհայտ է` իշխանություններն ամեն ինչ կանեն Կոնգրեսին ու նրա մաս կազմող ՍԴՀԿ-ին առավելագույնս խոչընդոտելու եւ որոշում կայացնելը հետաձգելու համար: Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իշխանություններից այլ բան չէր էլ կարելի սպասել: Նա նշեց, թե իրենց չի բավարարել ԱՆ պատասխանը. «Իհարկե, մեզ չի գոհացնում նրանց պատասխանը: Ճշմարտությունը, օրենքը մեր կողմն է: 100 տոկոսով ճշմարտությունը մեր կողմն է, ո՞նց կարող է անգամ 10 տոկոսով նրանց կողմը լինի, որ քննություն են անցկացնում: Այնքան ակնհայտ է այս ամենը, որ պարզապես անհնար է չտեսնելը»:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով` այժմ իրենք ստիպված են ՍԴՀԿ անունից չստորագրել դաշինքի կազմավորման որոշման տակ, բայց ընդգրկված կլինեն Կոնգրեսի համամասնական ցուցակում: «Անկախ նրանից` ՍԴՀԿ-ն կլինի դաշինքում, թե ոչ, ՍԴՀԿ անդամները, կարծում եմ, ընդգրկված կլինեն համամասնական ցուցակում: Դա միանշանակ է»,-ասաց տիկին Սարգսյանը: Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը եւս փաստեց, որ եթե ՍԴՀԿ-ն չկարողանա պաշտոնապես անդամակցել դաշինքին, այնուամենայնիվ, նրա անդամները կլինեն ցուցակում: Իսկ կատարվածին իրենք համապատասխան հայտարարությամբ ժամանակին տվել են գնահատական:
Ու թեեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք ՍԴՀԿ-ն գտել է, սակայն Լյուդմիլա Սարգսյանը կարեւորում է մեկ այլ հանգամանք. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս` համագումարի արձանագրությունն ու որոշումներն այլեւս կարող են չկնքվել ու պետական ռեգիստր ներկայացնել առանց կուսակցական կնիքի: «Սա լրջագույն բացթողում է, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Սա նախադեպ է, որից կարող են այլ կուսակցություններ եւս օգտվել: Կարող են կեղծ փաստաթուղթ կազմել, համագումարի արձանագրության անվան տակ ներկայացնել ու գրանցվել»,-նշեց նա: Լյուդմիլա Սարգսյանը հիշեցրեց, որ Պերկուպերկյանն ու նրա թիմակիցները ՍԴՀԿ-ից հեռացվել են դեռ 2010թ., այնպես որ ՍԴՀԿ անունից 2012թ. հրավիրած համագումարն անօրինական է: «Եթե, իհարկե, եղել է նման համագումար»,-ասաց տիկին Սարգսյանը:
Ի դեպ, Լյուդմիլա Սարգսյանն այս առնչությամբ դիմել էր նաեւ գլխավոր դատախազություն եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Այստեղից դիմումն ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Սակայն դեռեւս որեւէ պատասխան չի ստացվել:
Փաստորեն, իշխանություններն անգամ ամենափոքր առիթը բաց չեն թողնում` Հայ ազգային կոնգրեսի դեմ թեկուզ չնչին խոչընդոտներ հարուցելու եւ մանր-մունր վնասարարություն իրականացնելու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս