«ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ՊՐՈԲԼԵՄ ՉՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այլեւս քաղաքական դաշտ չի վերադառնալու, քանի որ քաղաքականությունն իր գործը չէ:

-Պարոն Հայրապետյան, վերջին ժամանակահատվածում Ձեզ միշտ կարելի է տեսնել Արցախում, որտեղ տասնյակից ավելի մարզադաշտեր եք կառուցել: Կարելի՞ է ասել, որ Դուք տեղափոխվել եք Արցախ՝ բնակվելու:
-Արցախն իմ հայրենիքն է, իմ մասնիկն է ու ես պարտավոր եմ, որպես ՀՀՖ նախագահ, ամեն ինչ անել Արցախի համար: Այսինքն՝ ինչ անում եմ ՀՀ-ի համար, մի քիչ ավելին անում եմ նաեւ Արցախի համար: Արցախը պետք է ուժեղ լինի եւ հիմա կա իր ժողովրդով: Ես ոչ թե ինչ-որ սենսացիոն բան եմ անում, այլ դա պետք է համարել ցանկացած ՀՀ քաղաքացու պարտքը: Պետք է բոլորն էլ ամեն ինչ անեն, որ Արցախի ժողովուրդը չտարբերվի ՀՀ-ի ժողովրդից, Արցախի երեխաները եւս պետք է ունենան մարզադաշտեր:
-Դուք նաեւ Շուշի քաղաքում մեծ առանձնատուն եք կառուցել ու հիմնականում բնակվում եք այնտեղ: Ինչո՞ւ: Արդյո՞ք ՀՀ-ում Դուք Ձեզ լավ չեք զգում:
-Ամառները ես այնտեղ եմ լինում: Չի կարելի ասել՝ այնտեղ եմ ապրում, կարող է գա ինչ-որ ժամանակ, որ ցանկանամ ապրել, երբ թոշակի կգնամ… Բայց այս պահին չէ:
-Այնպիսի տպավորություն է, որ Դուք նեղացած եք ՀՀ իշխանություններից ու մեկուսացել եք: Ինչո՞ւ:
-Մի հատ դեմքիս նայեք ու ազնվորեն ասեք, ես կարո՞ղ եմ մեկուսանալ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես մեկուսանամ: Կամ ես աղջի՞կ եմ, ինչ եմ, որ նեղանամ: Ես ընդհանրապես չեմ նեղանում:
-«Հարսնաքար»-ի հայտնի դեպքերից հետո Դուք քաղաքական դաշտում ու ընդհանրապես ակտիվ գործունեություն չեք ծավալում: Հենց այդ իրադարձություններից հետո, կարելի է ասել, «անհետացել» եք դաշտից ու գնացել Արցախ:
-Արցախն իմ հայրենիքի մի մասնիկն է: Հիմա տեղափոխվել եմ Արցախ, ոչ թե, ասենք, Մոնակո: Իմ հայրենիքի մի մասում ամառանոց եմ կառուցել ինձ համար, ուզում եմ հաճելի կյանքով ապրել: Դուք կարող եք գնալ Արցախում հետաքրքրվել, թե ես երբվանից եմ այնտեղ ու թե «Հարսնաքար»-ի չարաբաստիկ դեպքերը երբ են եղել:
-Պարոն Հայրապետյան, տեղեկություններ կան, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ Դուք շատ վատ փոխհարաբերություններ ունեք, ինչի համար էլ որոշել եք ոչնչի չխառնվել ՀՀ-ում:
-Դուք ինչից եք վերցրել, որ ես վատ հարաբերություններ ունեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ուրեմն ես ձեզ ասեմ. նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է: Մի մոռացեք, որ կուսակցույթունն է նրան ներկայացրել: Ու ես բարոյական իրավունք չունեմ… կամ անձնական… որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ վրդովվեմ, նեղանամ, վատ հարաբերությունների մեջ լինեմ: Որպես մարդ, կարող է լինեն մարդիկ, որոնց հետ ես որեւէ հարաբերություն չունենամ: Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը: Հովիկ Աբրահամյանի հետ ես որեւէ պրոբլեմ կամ խնդիր չունեմ:
-ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի հետ եւս լարված էին Ձեր հարաբերությունները: Այդպես չէ՞:
-Ուրեմն վերջին 25 տարում Մհեր Սեդրակյանը միակ մարդն է ՀՀ-ում, ում ես համարում եմ իմ ավագ ընկերը: Ես ՀՀ-ում էլ ավագ ընկեր չեմ ընդունում, մյուսները հավասար են: Ես գիտեմ՝ էդ մարդիկ ովքեր են, որ երազում են իմ եւ Մհերի հետ ինչ-որ մի ձեւի կոնֆլիկտ ստեղծեն, բայց չի կարա տենց բան լինի, որովհետեւ Մհերն իսկապես իմ ընկերն է: Նման բաների վրա ծիծաղացեք ու արհամարհեք: Մհերը նեղ ու լեն ժամանակն էլ իմ կողքն է եղել, ի տարբերություն այլ մարդկանց, ովքեր սիրում են խլուրդի պես տարբեր տեղեր մտնել՝ մի քանի կոպեկ փող շորթելու:
-Ո՞ւմ նկատի ունեք:
-Անցնենք այս թեման:
-Իսկ վերադառնալո՞ւ եք քաղաքական դաշտ:
-Հազիվ պրծել եմ, ինչի՞ս է պետք: Ես իմ սիրելի գործով եմ զբաղվում: Քաղաքականությունն իմ գործը չէ, շատ վատ է, երբ մենք մտնում ենք էնտեղ, որը մերը չէ: Մենք ունենք մեր գործն, ու ավելի լավ է դրանով զբաղվենեք, քան թե մտնում ենք քաղաքականություն ու չկարողանանք լիարժեք անել էն, ինչ ուզում ենք: Ավելի լավ է մնաս այնտեղ, որտեղ դու կաս:
-Ըստ Ձեզ, այսօր քաղաքական դաշտում շա՞տ մարդիկ կան, ովքեր չպետք է լինեն քաղաքականությունում:
-Ես կարծում եմ՝ այո, շատ նախարարներ էլ կան: Ու կարծում եմ՝ այդ նախարարները մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս