ՑԱԾՐ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից ստացված տեղեկությունների համաձայն` 2012թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է ծնունդների 551 դեպք: Այս թիվը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.8 %-ով: Ոլորտի մասնագետների գնահատմամբ` պատճառներից մեկն էլ այն է, որ ընտանիքի դասական մոդելի պատկերացումները խախտվել են: Եթե նախկինում լիարժեք էր համարվում 3-4 երեխա ունեցող ընտանիքը, ապա հիմա շատ երիտասարդ ընտանիքներ սահմանափակվում են 1  երեխայով: «Գյումրիում շատ քիչ է ընտանիքում երկրորդ, երրորդ երեխաների ծնունդը, որը շատ մտահոգիչ է: Հայտնի է, որ երկու երեխան վերարտադրում է ծնողներին, եւ միայն երրորդ երեխայի դեպքում մենք կարող ենք խոսել աճի մասին»,-ասում է Գյումրու ծննդատան գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը: Ծնունդների թվի նվազումը բժիշկ-մասնագետները հիմնականում կապում են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով եւ օրեցօր ահագնացող արտագաղթի տեմպերով: «Սա նաեւ կապված է վաղվա օրվա նկատմամբ վստահության պակասի հետ»,-կարծում է Ախուրյանի «Մոր եւ մանկան» առողջության կենտրոնի փոխտնօրեն Վահրամ Միրզոյանը:
Ծնելիության նվազմանը զուգահեռ` աճել են մեռելածնության եւ մանկական մահացության ցուցանիշները: Պատճառներից են նաեւ օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունները: «Առաջ եթե ասենք տանը մինչեւ 23 շաբաթական վիժում տեղի ունենար, դա չէր գրանցվում: Հիմա 23 շաբաթականն արդեն համարվում է ծննդաբերություն, եւ անգամ 500-գրամանոց երեխայի ծնունդը ոչ թե վիժում է, այլ ծնունդ»,-բացատրում է Վահրամ Միրզոյանը: Մահացած երեխաների մեջ մեծ թիվ են կազմում արական սեռի ներկայացուցիչները: Մեռելածնության դեպքերը շատ են հատկապես մարզի հեռավոր գյուղերում, որտեղ ապրողները  ժամանակին չեն կարող օգտվել նորմալ բուժսպասարկումից: Հատկապես այս ձմեռ տեղացած առատ ձյունը շատ վայրերում մի քանի ամիս փակ կամ դժվարանցանելի դարձրեց ճանապարհները: «Այդ հեռավոր շրջաններում ամեն տարի կազմակերպել ինչ-որ հնարավորություն, որ մարդիկ կարողանան լիարժեք հետազոտվել, շատ կարեւոր է: Այսօր շատերը հնարավորություն չունեն գալ քաղաք: Էլ չեմ ասում ձմռանը, երբ ճանապարհները փակ են»,-ասում  է բժիշկ Արմեն Իսահակյանը:
Հավելենք, որ 2012թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում արձանագրվել է մահացության 506 դեպք, որոնց մեջ մինչեւ մեկ տարեկան երեխաների թիվը 12-ն է:  

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս