«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել:
Ըստ նրա՝ հրապարակվող թվերը վերաբերում են ընդամենը սահմանահատումներին: Նրա մեկնաբանմամբ, այս պարագայում մարդը կարող է մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո վերադառնալ, հետեւաբար` դա չի կարելի համարել արտագաղթ:
Ըստ Եգանյանի՝ արտագաղթի վերաբերյալ լիարժեք եւ ամփոփ տվյալներ ձեռք բերելու համար ամփոփ պատկեր ստանալ հնարավոր է սոցիոլոգիական հարցումների միջոցով, միայն թե` դա այնքան էլ հավատընծա չէ: Նշենք նաեւ, որ 2013թ. կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 միլիոն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն: Բայց առ այսօր այդ ուսումնասիրության արդյունքները չեն հրապարակվել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։