«ՈՆՑ ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԵՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած ՀՀԿ-ական խնջույքի ժամանակ, երբ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հերթով բաժակ է բարձրացրել ՀՀԿ կառույցների` այդ թվում Երեւանի վարչական շրջանների համար, նկատել է, որ Արաբկիր վարչական շրջանի սեղանը կիսադատարկ է: Դրանից բարկացած` Սարգսյանն ասել է, թե դատարկ աթոռներին փոխանցե՛ք` ցտեսություն:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հետ, ով անմիջապես ասաց, թե նման բան չի եղել:
-Ես չգիտեմ, թե ում է ձեռնտու, եւ ով է ինչ նպատակ հետապնդում՝ նման լուրեր տարածելով, սակայն ի հեճուկս նրանց` պետք է նշեմ, որ թե՛ ես, թե՛ մեծամասնական կարգով առաջադրված Արտակ Սարգսյանը մինչեւ վերջ ներկա ենք եղել միջոցառմանը` մեր կուսակիցների ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին: Դրանք ընդամենը չար կամքի դրսեւորում են:
-Բայց ձեր ՀՀԿ-ականներն են ասում, որ Դուք եւ Արտակ Սարգսյանը մինչեւ վերջ չեք մասնակցել խնջույքին, կեսից դուրս եք եկել:
-Ես ներկա եմ եղել եւ մեր կենացը խմելուց էլ շնորհակալություն եմ հայտնել բոլորից: Ներկա է եղել նաեւ Արտակ Սարգսյանը: Ուղղակի դա մարդկանց չար կամքի դրսեւորում է, այդքան բան:
-Իսկ Դուք ո՞ւմ թեկնածությունն եք պաշտպանում Արաբկիր համայնքում:
-Հիմա ես Ձեր հարցին հարցով պատասխանեմ. Դուք գիտեք չէ՞, որ ես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եմ: ՀՀԿ-ն սատարում ա Սարգսյան Արտակին, այդ դեպքում ես ո՞ւմ պիտի սատարեմ: Ոնց իմ կուսակցությունը, այդպես էլ ես:
-Պարո՛ն Անտոնյան, Արտակ Սարգսյանը, նախքան ՀՀԿ-ական դառնալը, ՕԵԿ-ական էր, դրանից հետո Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության անդամ դարձավ: Ինչպե՞ս եք վստահում նրան:
-Հիմա Արտակ Սարգսյանը հանրապետական է, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, իսկ ինչ վերաբերվում է իր անցյալին, խնդրում եմ` այդ հարցերն իրե՛ն ուղղեք:
Հ.Գ. Հիշեցնենք, որ երեկվա համարում տպագրված լուրը «Ժողովուրդ»-ին փոխանցել էին հենց Արաբկիրի հանրապետականները: Բայց քանի որ ՀՀԿ-ն ոհմակ չէ, այլ լուրջ կուսակցություն, ուստի երեկ բոլոր նույն դեմքերը հերթով հրաժարվեցին ձայնագրիչի առջեւ խոստովանել այն, ինչ ասում էին նախօրեին: Ցավոք:  

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս