Ուսումնական տարեմուտի նախօրյակին հանրակրթությանն առնչվող հարցեր են քննարկվել ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցության ընթացքում, որին հրավիրվում են Երեւանի հիմնական բոլոր դպրոցների տնօրենները։ Խորհրդակցությանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները։
«Բավականին լուրջ քննարկում է տեղի ունենում ավանդական դարձած այս խորհրդակցությունների ընթացքում. առավելապես քննարկվում են առաջիկա ուսումնական տարվա խնդիրները՝ հիմք ընդունելով նախորդ տարիների փորձառությունը, բացերը, իսկ դրանք, անշուշտ, առկա են։ Քննարկելու ենք ուսումնակրթական, նյութատեխնիկական, վարչարարության հետ կապված եւ այլն խնդիրներ, որոնք այսօրինակ քննարկման անհրաժեշտություն ունեն եւ, այդպիսով, ձեւավորվում է նաեւ ընդհանրական վերլուծություն»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Լրագրողների հարցադրմամբ՝ վերջինս անդրադարձել է նաեւ դրամահավաքության խնդրին։
«Դրամահավաքություն երեւույթի դեմ քաղաքապետարանը պայքարել ու պայքարելու է խստությամբ, այժմ արդեն թեժ գծերով։ Էապես նվազել է այդ երեւույթը, դեպքեր եղած պարագայում էլ, ինչպես, օրինակ, նախորդ տարի 3 դպրոցներում վարչական տույժեր կիրառվեցին, հավաստիացնում եմ մեղավորներն անպատիժ չեն մնա»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալը։
Այս տարի առաջին անգամ է, որ խորհրդակցությունից հինգ օր առաջ հիմնական բոլոր դպրոցների տնօրենները էլեկտրոնային փոստով նախապես ստացել են Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության տարեկան աշխատանքային պլանը, ինչը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, տնօրենների առաջարկներն ու դիտարկումներն առավել թիրախային դարձնելուն է նպաստելու։
«Աշխատանքային շաբաթվա ընթացքում ստացել ենք տնօրենների հարցերը, դիտարկումները, առաջարկները, խմբավորել ենք։ Այսօրվա խորհրդակցությանը մասնակցում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների եւ ֆինանսական վարչությունների պետերը, քանի որ պարզ դարձավ, որ տնօրեններին մեծամասամբ հետաքրքրում է գնումների գործընթացքը, որին մեծ ուշադրություն է կենտրոնացրել Երեւանի քաղաքապետը, որպեսզի համայնքային բյուջեով դպրոցներին հատկացված գումարները նպատակային եւ գրագետ օգտագործվեն։ Շատ կարեւոր հարցեր ունենք նաեւ ուղղված ՀՀ ԿԳՆ-ին. հրավիրված է փոխնախարարը եւ կպատասխանի նաեւ բովանդակային խնդիրներին, կրթական կարգերին առչվող հարցերին, որոնք աշխատանքային գործընթացում նկատվում են եւ, միգուցե, շտկվելու կարիք ունեն»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը։
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ոլորտի բարելավմանն ուղղված ձեռնարկումներում կարեւորել է նաեւ այս խորհրդակցությունը։ Փոխնախարարն առաջարկել է առավել աշխույժ լինել մարզերի դպրոցների հետ համագործակցության հարցում, քանի որ շատ դեպքերում հենց մայրաքաղաքի դպրոցներն են ուղենիշ դառնում երկրի այլ համայնքների դպրոցների համար։ Մանուկ Մկրտչյանը պատասխանել է նաեւ տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, ներառական կրթության կարգին, դպրոցներում նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընդլայնմանը, հասարակության շրջանում դպրոցի դիրքի ամրապնդմանը եւ այլն։