ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Կատունյանը, ով մեղադրվում է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդան Գրիգորյանի միջնեկ եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության մեջ, վերջինիս կնոջ հետ չի առերեսվի:
Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց Ա. Կատունյանի պաշտպանը` Երվանդ Վարոսյանը, ում դիտարկմամբ` նրանց միջև առերեսման որևէ հիմք չկա:
Պաշտպանի փոխանցմամբ այս պահին բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից, որոնց հետ կապված Կատունյանը որևէ առարկություն չունի:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին սպանվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդան Գրիգորյանի միջնեկ եղբայրը` Հարություն Գրիգորյանը:
Նշենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Կատունյանի պաշտպանը` Երվանդ Վարոսյանը տեղեկացրել էր, որ վարկածը, թե Գրիգորյանի սպանությունը կատարվել է խանդի հողի վրա, իրականությանը չի համապատասխանում:
Պաշտպանը վստահեցրել էր, որ իրականում Գրիգորյանը տևական ժամանակ սիրահետել էր Կատունյանի կնոջը, ինչի հետևանքով վիճաբանություն էր տեղի ունեցել նրանց միջև, իսկ Գրիգորյանը սպանվել էր:
Կալանավորված Արմեն Կատունյանը հուլիսի 27-ին ներկայացել է Ոստիկանության Շիրակի բաժին և հայտնել, որ Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ: