ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՐԳԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀՈԲԲԻ Է»

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը վերջին շրջանում բավականին պասիվ է: Նա գրեթե չի երեւում հեռուստաէկրաններին եւ չի մասնակցում հավաքական համերգներին:

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ` տեղեկանալու վերջինիս պասիվության պատճառի եւ առաջիկայում սպասվելիք ստեղծագործական ծրագրերի մասին:
-Անահիտ, թե՛ Դուք, թե՛ Ձեր ամուսինը` Հայկոն, վերջին շրջանում բավականին պասիվ եք: Ձեզ չենք տեսնում նաեւ հավաքական համերգներին: Ո՞րն է պատճառը:
-Հայաստանում մասսայական համերգներին մասնակցելը ֆինանսական առումով այդքան էլ նպաստավոր չէ, սակայն, թե՛ իմ, թե՛ Հայկոյի այս տեսակի պասիվությունն այլ բացատրություն ունի: Հայկոն, ինչպես գիտեք, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի անդամ է, բացի դրանից բազմաթիվ ֆիլմերում հնչող երաժշտությունների հեղինակը: Այդ ամենը, բնականաբար, բավականին ժամանակ է խլում եւ համերգներին մասնակցելու ժամանակ չի մնում: Իսկ իմ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ ես ավելի շատ ժամանակ եմ հատկացնում իմ կարի արհեստանոցին:
-Այսինքն, երգարվեստը Ձեզ համար երկրորդ պլա՞ն է մղվել ու Դուք նախընտրում եք դիզայներական գործով զբաղվե՞լը:
-Դեռ մանկուց եմ սիրել էքսպերիմենտներ անել, ձեւափոխել հագուստներս, տարիներ շարունակ նաեւ իմ բեմական հագուստների հեղինակն եմ եղել: Երգարվեստի մասով էլ ասեմ, որ դրանով զբաղվելն ինձ համար ավելի շատ հոբբի է: Երբ առաջին քայլերս էի անում երգարվեստում, հասկացա, որ կարողանում եմ որպես երգչուհի դուր գալ հանդիսատեսին, իմ երգածը տեղ է հասնում, դիպչում է մարդկանց հոգիներին ու սրտերին: Այս ամենն ինձ է՛լ ավելի պարտավորեցրեց, բայց, կրկնում եմ, երգելն ինձ համար ավելի շատ հոբբի է:
-Բավականին երկար ժամանակ է նաեւ նոր տեսահոլովակ չունեք: Տեսահոլովակ ունենալը թա՞նկ հաճույք է։
-Դե, քիչ գումարով էլ է հնարավոր նոր տեսահոլովակ ունենալ, պատճառն այնքան էլ դա չէ: Ես ընտանիք ունեմ, երեխա, զբաղված եմ վերջինիս խնամքով, ինչն ինձ մեծագույն հաճույք է պատճառում: Ճիշտ է` կարի արհեստանոցում երկար ժամանակ եմ անցկացնում, բայց դա ինձ չի խանգարում երեխայիս պատշաճ ձեւով մեծացնել:
-Ձեր կոլեգաներից շատերը որակյալ երգարվեստ կրելով են մուտք գործում շոու-բիզնես, սակայն ժամանակի ընթացքում դարձյալ, թերեւս ֆինանսական պատճառներով, ոճական փոփոխությունների են ենթարկվում` ընկնելով գումար բերող երգեր ներկայացնելու հետեւից: Դուք ինչպես եք վերաբերվում այդ իրողությանը:
-Ես ինքս չեմ երգում որեւէ ակումբում, անորակ երաժշտության քարոզ չեմ անում: Ճիշտ եք, կան երգիչներ, ովքեր ընկնում են փողի ետեւից` մոռանալով որակի մասին, բայց ես ոչինչ չեմ կարող ասել իրենց, որեւէ գնահատական տալու իրավունք չունեմ: Մարդիկ տեսնում են, որ դա է գոհացնում ունկնդրին ու դա են քարոզում: Իհարկե, սա գովելի չէ, բայց ժամանակներն են այդպիսին: Այս ամենի կողքին կա մի լավ բան. կան այնպիսի արտիստներ, ովքեր կարող են մի ամբողջ երկրի դեմքը լինել, ներկայացնել լավ, որակյալ երգարվեստ: Անուններ չեմ նշի, բայց վստահ եմ, որ հասկացողը հասկանում է, թե ինչի ու ում մասին է խոսքը:
-Անահիտ, «Քոմեդի քլաբ»-ի սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը Ձեր ընտանիքի քավորն է: Նա՞ է Ձեզ «առաջ տանում», ձեր PR-ով նա՞ է զբաղվում:
-Արթուր Ջանիբեկյանը մեր ընտանիքի լավ բարեկամն է, քավորը: Մենք ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք, դա պարզից էլ պարզ է ու բնական: Բայց Ձեր նշած առումով նա մեզ այդքան էլ չի օգնում, չնայած մի քանի բան կարող եմ նշել. երբ Հայկոն մասնակցում էր «Եվրատեսիլ»-ին, Արթուրը օգնեց Հայկոյին, «Ռոմանս» ալբոմի թողարկման հարցում էլ է Արթուրը օգնել:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 
ԼՈՒՐԵՐ

ԱՂԱՅԱՆԻ «ԱՆԱՀԻՏ»-Ը` ԷԿՐԱՆԻՆ
Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումը՝ «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Օրեր առաջ կայացել է ֆիլմի նախադիտումը, որին ներկա են եղել ստեղծագործական անձնակազմը: Հայկական առաջին լիամետրաժ հեքիաթի երաժշտական էկրանավորումն իսկական նախաամանորյա նվեր կլինի թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան։
«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վարդան Զադոյանը:
Էլ ի՞նչ հեքիաթ առանց բարու եւ չարի հավերժական պայքարի. չարագործների դերը «Անահիտ» մուլտֆիլմում վերապահված է Ազարին ու Էնվերին: Ի դեպ, մուլտֆիլմի երկրորդական հերոսները մանրակրկիտ մշակման են ենթարկվել: Գործող անձանց շարքերում են գուշակ Պետրոսը, կախարդական աղբյուրից ծնունդ առած Անդոկ ձին, հավատարիմ Զանգի շունը:
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: Մուլտֆիլմի ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը: Սցենարի հեղինակներն են՝ Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցն ու Դավիթ Սահակյանցը, երկխոսությունների հեղինակներն են Վահրամ Սահակյանն ու Լեւոն Գալստյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է, իսկ կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Երեւանյան պրեմիերայից հետո «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է միջազգային հեղինակավոր փառատոներում:

 

ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ
ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Տիգրան Մանսուրյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր գործերն առաջիկայում կներկայացնի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները համակարգող պետական հանձնաժողովին՝ համերգային երեկո կազմակերպելու համար:
ՀՀ նախագահի հրամանագրով երեք տարի առաջ ստեղծված հանձնաժողովը կոչված է նախապատրաստելու այն հիմնական միջոցառումների շարքը, որոնք պետք է իրականացվեն 2015-ին ընդառաջ եւ 2015թվականի ընթացքում:
Երգահան Տիգրան Մանսուրյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք ստեղծագործություն է առանձնացրել՝ թավջութակի կոնցերտ` «Ուր է Աբել եղբայրը» խորագրով, «Ռեքվիեմ», որը մի գերմանական ընկերության պատվերով է գրվել, ինչպես նաեւ «Երեք արիա` բացված Արարատի պատուհանից»:

 

ՆՈՐ ԿԵՐՊԱՐՈՒՄ
Ռեժիսոր Սարգիս Սեպուհյանի «Իմ փոքրիկ փեսացուն» գեղարվեստական ֆիլմի դերասանական կազմում է նաեւ երգչուհի Լիդուշիկը:
Երգչուհին առաջին անգամ է նմանօրինակ նախագծերում հանդես գալիս: Ֆիլմում նա մարմնավորում է լուրջ ու հավասարակշռված Լիլիթի կերպարը: Նշենք, որ ֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ այն մեծ էկրան կբարձրանա շուտով:
Լիդուշիկի մասնակցությամբ տեսարանների նկարահանումները տեւել են մոտ տասն օր:

 

ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Love մարդ» աշխատանքային վերնագիրն ունեցող ռոմանտիկ կատակերգության նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են: Հոկտեմբերի վերջին ֆիլմը կբարձրանա մեծ էկրան:
«Love մարդ»-ի գլխավոր հերոսներին մարմնավորում են Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Վահագն Գալստյանը, Թամարա Պետրոսյանը, Սաթի Ջանիբեկյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Արամոն, Լեւոն Հարությունյանը, Ալինա Մարտիրոսյանը եւ այլք: Ֆիլմի սցենարի հեղինակներն Աշոտ Աբրահամյանն ու Սարգիս Մնոյանն են, բեմադրող օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը:
Ֆիլմը պատմում է մի պլաստիկ վիրաբույժի մասին, ով Ամերիկայից գալիս է Հայաստան՝ վիրահատություններ անելու եւ ընկնում արկածային տարբեր իրավիճակների մեջ:

 

ԿԱՐՃ ՎԱՐՍԵՐՈՎ
Բեյոնսեն համալրել է կարճ սանրվածքով հայտնիների շարքը: Երգչուհին օրեր առաջ է կտրել երկար, ոսկեգույն վարսերն ու արդյունքը ներկայացրել «Թվիթեր»-ի իր էջում: Երկրպագուների առջեւ նոր կերպարով նա առաջիկայում հանդես կգա Անգլիայում, այնուհետեւ՝ Լատինական Ամերիկայում:
Երգչուհու արտաքին տեսքում կտրուկ փոփոխությունը դարձել է շոու-բիզնեսի նորություններ լուսաբանող արտասահմանյան ամենահայտնի կայքերում քննարկվող գլխավոր թեման, որոշները նաեւ վերհիշել են կարճ սանրվածքով հանրությանը զարմացրած այլ հայտնիների՝ Էն Հեթուեյին, Շարլիզ Թերոնին, Մայլի Սայրուսին, Ռիհաննային, Հոլի Բերիին, Էմմա Ուոթսոնին, Փինքին:

 




Լրահոս