Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված՝ «Շրջադարձ հայացք 100 տարի անց» Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սեպտեմբերի 27-ին կազմակերպել են Հայաստանի երկաթուղու թանգարանի այցելություն և ուղևորություն Երևանից Գյումրի:
Միջոցառումների շրջանակներում Տուրիզմի հայկական ինստիտուտի մոտ 30 ուսանողներ ծանոթացել են Երկաթուղու թանգարանի ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է Հայաստանի երկաթուղու զարգացման ամբողջ ճանապարհը՝ սկսած 1895 թվականի հուլիսի 5-ից, երբ Նիկոլայ II կայսրը ստորագրեց Թիֆլիս-Ղարս երկաթուղու կառուցման մասին Բարձր անվանական հրամանագիրը:
Թանգարանում ներկայացված են Հայաստանի երկաթուղու կառուցման, զարգացման և գործունեության մասին պատմող փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, երկաթուղային տեխնիկայի օրինակներ, պատմական գնացքների մակետներ մասնավորապես «Վարդան Զորավար» զրահագնացքը:
Ուսանողները ծանոթացան նաև «Երևան» երկաթուղային կայարանում գործող ցուցահանդեսին, որը նվիրված է Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու (ԲԱՄ) 40-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված է հայ երկաթուղայինների ավանդը ԲԱՄ-ի կառուցման գործում:
Իսկ թանգարանի այցելությունից հետո ակցիայի մասնակիցները էլեկտրագնացքով ուղևորվեցին Գյումրի: Ուղևորության ժամանակ տուրիստներին ներկայացվեց երկաթուղային կայարանների պատմությունը և Առաջին համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության մասին տեսաֆիլմը:
Գյումրիում տուրի մասնակիցները ծանոթացել են Երկաթուղային տեխնիկայի թանգարանի ցուցահանդեսին, ինչից հետո վերադարձել են Երևան:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: