Սփյուռքի հայկական դպրոցների պահպանության հարցում միջոցներ չի կարելի խնայել. Հ. Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Մինչ այդ վարչապետը նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նախարարության աշխատակազմին՝ 6-ամյա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և կարևորել գերատեսչության դերը հայապահպանության գործում: Վարչապետը նշել է, որ շարունակելու է աջակցել Սփյուռքի նախարարությանը՝ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն կյանքի կոչելու գործում: Խոսելով Սփյուռքում մայրենի լեզվի պահպանման վերաբերյալ՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել: Գործադիրի ղեկավարը ողջունել է նաև Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դա գնահատելով որպես հայանպաստ ու ազգանվեր աշխատանք:

«Տիկին նախարար, Սփյուռքի հայկական դպրոցների պահպանության հարցում ևս միջոցներ, ռեսուրսներ չի կարելի խնայել, և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ ջանք չպետք է խնայեք՝ այս ուղղությամբ դրական արդյունքներ արձանագրելու և առկա խնդիրները հաղթահարելու համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը, բարձր գնահատելով Սփյուռքի նախարարության անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները, կարևորել է գերատեսչության դերը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: «Այս եռամիասնության ամրապնդումն ուղղակիորեն բխում է հայ ժողովրդի շահերից»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև վարչապետը Հրանուշ Հակոբյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով և հանձնել նախարարության աշխատակազմը համալրած նոր քաղծառայողների վկայականները:




Լրահոս