Մ. Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել երկրապահի օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկրապահ կամավորականների վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը երկրապահի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ողջ հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, Արցախի ժողովրդին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Երկրապահի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-րդ, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձերի, ինչպես նաև մայիսյան բոլոր տոների կապակցությամբ` Երկրապահ Կամավորականների միության անունից շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, Արցախի հերոսական ժողովրդին, սահմանում կանգնած հայ զինվորին, արցախյան պատերազմի բոլոր մասնակիցներին, 5-րդ բրիգադի մարտիկներին, հերոս զավակներ ծնած հերոս մայրերին, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, երիտասարդ ու պատանի երկրապահներին: Երկրապահի օրը հայ ժողովրդի տոնացույցի ամենահպարտ օրն է: Այսօր մենք մեծարում ենք հայի ուժեղ, մարտնչող տեսակին, իր արժանապատվությունը, ընտանիքը, հայրենիքը ազատագրող ու պաշտպանող տեսակին: Երկրապահը եղել է, կա ու կմնա անկախ Արցախի Հանրապետության եւ նրա հերոսական ժողովրդի կողքին: Հայ ժողովուրդը միշտ էլ իր զավակների կյանքի ու արյան գնով պահպանել է իր արժանապատվությունը: Մենք պարտավոր ենք ամեն գնով պահպանել այն, ինչ ձեռք է բերվել մեր հերոս տղաների կյանքի ու արյան գնով:
Հայաստանի անկախ Հանրապետությունն արդեն թեւակոխում է իր գոյության երրորդ տասնամյակը: Բազում խնդիրներ արդեն լուծվել են եւ առջեւում էլ կան խնդիրներ, որոնք անպայման կլուծվեն մեր բոլորիս ջանքերի ու միասնության շնորհիվ: ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանը ասում էր. “Միասնականությունը սարեր շուռ կտա”: Մեր ժողովրդի բոլոր հաղթանակները միասնականության արդյունք են: Եթե մենք միասնական լինենք, օտարը չի կարող մեր հետ հաշվի չնստել: Հավատանք ինքներս մեզ, մեր նոր սերնդին, մեր երիտասարդ եւ պատանի երկրապահներին: Կարեւորը ունենալը չի, կարեւորը եղածը պահպանելն ու այն եկող սերունդներին հանձնելն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ հայությանը` Երկրապահի օրվա եւ մայիսյան բոլոր տոների առթիվ, մաղթում խաղաղություն եւ միասնականություն:
Փառք Սպարապետին
Փառք նահատակված հերոսներին
Փառք Ձեզ սիրելի երկրապահ ժողովուրդ”,- ասված է ԵԿՄ վարչության նախագահի ուղերձում:




Լրահոս