«Կամ այս շարժումը պետք է մաքրի և իրենց տեղն ուղարկի մի քանի հոգու, կամ հայն ինքն է մաքրվում, որովհետև այս խնդիրը չի կարելի փոխանցել մյուս սերունդներին»,-այսօր երեք ուժերի հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ եթե ներկայիս խնդիրները հիմա չլուծվեն, եկող սերունդ չի մնա, որը կփորձի լուծել այդ խնդիրները:
«Սերժ Սարգսյանն ու իր թիմը գյադաների ժամանակ եկել ու չեն գնացել»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարն ու հավելեց՝ հայ հասարակությանը պետք է անսերժ Հայաստան:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ իրենք առաջարկել են իշխանություններին աջակցություն, բայց վերջիններս ականջալուր չեն եղել իրենց հորդորներին: «Մենք ասել ենք՝ այս քայլերն անենք, որ երկիրն այս իրավիճակից դուրս գա, բայց… Ուրեմն մենք ունենք բարոյական, քաղաքական, իրավական բոլոր իրավունքները, որ հեռացնենք այս իշխանություններին: Մենք միավորվել ենք երեք քաղաքական ուժերով՝ ունենալով տարբեր գաղափարական մոտեցումներ, արտաքին մոտեցումներ, բայց մի հարցում միավորվել ենք՝ երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և միայն իշխանոփոխությամբ սկսվող փոփոխությունները կարող են մեզ այս իրավիճակից դուրս բերել»,- ընդգծեց նա: