ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՆԱԽԱՆՁ ԵՆ
«Իսպանացի, հոլանդացի եւ արգենտինացի գիտնականները համատեղ անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ աշխատավայրում կանայք ավելի շատ են նախանձում իրենց գործընկերներին, քան տղամարդիկ»,-գրում է Daily Mail-ը: Կանայք հատկապես սուր արտահայտված նախանձով եւ խանդով են լցվում իրենց գործընկերուհիների նկատմամբ, եթե նրանք հաջողակ են, արտաքուստ գրավիչ են եւ կարողանում են «լեզու գտնել տղամարդկանց հետ»:
ՄԵՆՔ ԷԼ ԳԻՏԵՆՔ
«Անկազմակերպ եւ ոչ ժողովրդավարական ձեւով անցկացված ընտրությունները կթուլացնեն ողջ երկիրը, մինչդեռ լավ կազմակերպված եւ ազատ ու արդար բնույթ ունեցող ընտրությունները կամրապնդեն երկիրը եւ աճի ու զարգացման հնարավորություններ կընձեռեն: Մեծամասամբ Հայաստանի կառավարության, բայց նաեւ ընդդիմության, ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունը կլինի ապահովել, որ այս ընտրությունները նշանավորեն դեպի խոստումնալից ապագա ուղղված քայլ երկրի եւ նրա ժողովրդի համար»,- ասված է մայիսի 6-ին Հայաստանում անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ Եվրոպա-Հայաստան խորհուրդի (ԵՀԽ) տարածած հայտարարութան մեջ:
ՊՈՒՏԻՆԸ ՉԻ՞ ՄՈԼՈՐՎԻ
Մայիսի 7-ին Մոսկվայում կայանալիք Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության մանրամասները տեղեկացնում է news.mail.ru կայքը. «Ամեն ինչ տեղի կունենա նույն կարգով, նույն վայրում եւ նույն ռեժիմով»: Պուտինի հագին կլինի սեւ դասական կոստյում:
ԷՌՆԵԿՅԱՆԸ` ՕՐԻՆԱԿ
Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակակիր: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ: Էռնեկյանը մրցանակը կստանա երկուշաբթի օրը՝ մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում: Արգենտինայի առեւտրի պալատը Էռնեկյանի թեկնածությունը առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ եւ ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլեւ ամբողջ աշխարհում:
ՆԵՐԴՐՈՒՄՆԵ՛Ր ԱՐԵՔ
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր բաց նամակով դիմել են հայ գործարարներին՝ կոչ անելով ներդրումներ կատարել Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքներում, մասնավորաբար Տավուշի մարզի Դովեղ եւ Այգեպար համայնքներում: Նամակագիրները նկատում են, որ Հայաստանի սահմանամերձ շատ գյուղական համայնքներում գնալով պակասում է բնակչության թիվը, ինչի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: «Եթե այսպես շարունակվի, սա կարող է լուրջ վտանգ դառնալ ազգային անվտանգության տեսանկյունից: Մենք կարող ենք համատեղել հայրենասիրությունը եւ բիզնես շահերը»,-ասվում է նամակում, որը հեղինակել է օգտատեր Զոհրապ Եգանյանը: