«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը շատ դրական է գնահատում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ոչ իշխանական ուժեր ԲՀԿ-ի ՀԱԿ-ի և «Ժառանգության» միասնական հանրահավաքը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Գ. Իսագուլյանը:
– Հոկտեմբերի 10-ին կայացած եռյակի հանրահավաքի ժամանակ ժողովուրդն անընդհատ վանկարկում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունն ու նրան տեսնում որպես ապագա նախագահ: Վերջինս չի բացառել, որ կարող է առաջադրվել: Որքանո՞վ եք հավանական համարում նրա ընտրվելը:
– Փաստ է, որ այսօր հասարակության մեջ բավականին բարձր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը, և ժողովրդի կողմից նման պահանջը միանգամայն բնական է: Չնայած պարոն Ծառուկյանը բազմաթիվ անգամներ շեշտել է, որ ինքը քաղաքականության մեջ չի փնտրում անձնական շահ և իր առաքելությունը տեսնում է երկրում առկա դժվարին խնդիրների լուծմանը աջակցելու գործը, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ինչպես յուրաքանչյուր ունակ ՀՀ քաղաքացի, այնպես էլ ԲՀԿ առաջնորդ պարոն Ծառուկյանը ժողովրդի մեծամասնության և քաղաքական համախոհների պահանջի պարագայում պարտավոր է իր վրա վերցնել նաև այդ պարտականությունը: Ընտրվելու հավանականության առումով` երբ կսկսվեն այդպիսի գործընթացներ, կանդրադառնանք նաև այդ հարցին:
– Այս հանրահավաքը ցույց տվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես առանձնացած լինի մյուս ուժերից և իր ուրույն մոտեցումներն ունի: Արդյո՞ք կիսում եք այն կարծիքը, թե վերջինս ավելորդ է երեք ուժերի շարքում:
– Կարող եմ հստակորեն ասել, որ եռյակի մեջ յուրաքանչյուր քաղաքական ուժ տարբեր հարցերի նկատմամբ ունի իր ուրույն տեսակետը: Այս միասնությունը պայմանավորված է ամենահրատապ խնդիրներով, որոնց լուծումները անհրաժեշտ են համարում բոլոր ուժերը, իսկ ինչ վերաբերում է համակարգային փոփոխություններին և գործող իշխանությունների վերարտադրությանը միտված իշխանությունների գործողություններին, չեմ կարծում, որ այդ հարցերում եռյակի մեջ առկա է որևէ տարաձայնություն: Հայկական շատ հայտնի ասացվածք կա, և չեմ կարծում, որ որևէ մեկի առկայությունը այս շարժման մեջ ավելորդ է կամ անընդունելի:
– Ինչպես եք գնահատում երեք ուժերի առաջնորդների ելույթներն ու Գ. Ծառուկյանի պահվածքը: Արդյոք ելույթ չունենալով՝ նա խուսափե՞ց իշխանափոխություն պահանջելուց:
– Ելույթների գնահատականը ես չէ, որ պետք է տամ, իսկ պարոն Ծառուկյանը հստակ մատնանշեց, որ ծրագրային ելույթով հանդես է գալու հաջորդ հանրահավաքին, և չեմ կարծում, որ այն գործընթացները, որ այսօր ղեկավարվում են եռյակի կողմից, պետք է չափվեն որևէ բառի արտասանությամբ, նույնիսկ եթե այդ բառը իշխանափոխությունն է: Շատերն են մինչ այժմ հենց նույն հարթակից գոչել իշխանափոխություն և նշել ժակետներ, և այն տեղի չի ունեցել: Հավատացեք, որ հնարավոր է այդ բառն ընդհանրապես չարտաբերելով, ոչ թե խոսքով այլ գործնականում հասնել իշխանափոխության, ինչին միտված է ներկա շարժման տրամաբանությունը:
Նաիրա Հովհաննիսյան