Հոկտեմբերի 18-ին Գյումրիի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում տեղի ունեցավ ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհանդես: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, նրա տեղակալ Սուրեն Քրմոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և այլք:
ՀՀ կառավարությունն այս ծրագիրը մշակել է Եվրոպական միության աջակցությամբ:
Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիում մեկնարկեց Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի պաշտոնական գործարկումը: Գյումրի քաղաքից հետո միայն ծրագիրն իրականացվեց մայրաքաղաք Երևանում, իսկ ահա 2014թ. սեպտեմբերի 30-ից, ԱԺ-ի որոշմամբ, ծրագիրն արդեն պարտադիր է ՀՀ բոլոր մարզերում: Համակարգի միջոցով իրականացվում են ծննդի, որդեգրման, հայրության ճանաչման, մահվան, ամուսնության, ամուսնալուծության, անվանափոխության և տեղեկանքների տրամադրման գործընթացները, ինչպես նաև՝ քաղաքացիներն այլևս ազատվում են լրացուցիչ դիմումներ տալու քաշքշուկից:
Թե ինչու ծրագրի մեկնարկը տրվեց Գյումրիից, նախարար Հ. Մանուկյանը կատակեց.«Իսան ուրդից կեղնե….»: Իսկ ավելի լուրջ իր խոսքում նշեց, որ Գյումրին ունի լուրջ ուշադրության կարիք, պետք է ժողովրդին համոզել, որ ազգի հույսը միայն Երևան քաղաքը չէ, այլ Հանրապետության երկրորդ, երրորդ քաղաքները ևս:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ բոլոր գյումրեցիների անունից շնորհակալություն հայտնեց դեսպան Տրայան Հրիսթեանին և նախարար Հ. Մանուկյանին՝ նշելով, որ նախարարը ծնունդով գյումրեցի է, և հուսով է, որ այսուհետ բոլոր նախագծերի մեկնարկը տրվելու է Գյումրի քաղաքից:
Դեսպան Տրայան Հրիսթեան իր ելույթում ընդգծեց, որ համակարգը հնարավոր է դարձրել քաղաքացիական կացության ակտերի գրանցումը իրականացնել մեկ պատուհանի սկզբունքով, ինչը նվազեցնում է նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:
Միջոցառման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Հովհ. Մանուկյանը դեսպան Տրայան Հրիսթեանին ՀՀ կառավարության անունից պարգևատրեց «Շահամիր Շահամիրյանի անվան» արդարադատության հուշամեդալով:
Արևիկ Հակոբյան
Գյումրի