ՆԻԿՈՅԱՆԸ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ՈՒՐԱԽ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառման ժամանակ իրենց ակտիվությամբ ու ժպիտներով աչքի էին ընկնում Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նախ հավաքվեցին «Մայր Հայաստան» հուշարձանի հետնամասում, այնուհետեւ միացան մյուսներին: Իսկ քայլերթից հետո ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահն ու ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հաց կերան վետերանների հետ:
«Հաղթանակ» զբոսայգում՝ մի անկյունում, հավաքվել եւ զրուցում էին արդարադատության նախարար, ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը, քաղաքաշինության նախարար, ԲՀԿ շտաբի պետ Վարդան Վարդանյանը, կապի եւ տրանսպորտի նախարար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը: Իսկ արդեն «Մայր Հայաստան» հուշարձանի հետնամասում բոլորն էին հերթով հավաքվում: Հերմինե Նաղդալյանը, Գալուստ Սահակյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երկար ժամանակ զրուցում ու սպասում էին վարչապետի գալուստին: Որոշ ժամանակ հետո նրանց միացավ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, հետո եկավ Տիգրան Սարգսյանը: Նրանք ծաղիկներ դրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այնուհետեւ նշված պաշտոնյաները, խմբով կանգնած, սպասում էին զինվորական քայլերթին: Նիկոյանն ու Տ. Սարգսյանը, ժպիտները դեմքներին, սրան-նրան էին ողջունում, հետո Նիկոյանը կանանց հետ էր լուսանկարվում եւ կողքից էլ զրուցում էր   լրագրողների հետ: Վերջիններիս հարցերին պատասխանում էր հումորով, կատակներ էր անում, եւ այնպիսի տպավորություն էր, որ Նիկոյանն ուղղակի լավ լուր է լսել ու դրա մասին ցանկանում է ի լուր աշխարհի հայտնել:  Իսկ վարչապետն ինչ-որ լուրջ թեմայի շուրջ զրուցում էր  Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի հետ եւ անգամ ուշադրություն չէր դարձնում Նիկոյանի խոսակցություններին:
Պաշտոնյաները մասնակցեցին նաեւ դաշտային զինվորական ճաշկերույթին` վետերանների հետ կիսելով հացը: Նիկոյանն ու Սարգսյանը նույն սեղանի շուրջ նստեցին ու միասին բաժակ բարձրացրին հաղթանակի տոնի կապակցությամբ: Սեղանի շուրջ եւս Նիկոյանն աչքի ընկավ իր աշխույժ ու բարձր տրամադրությամբ:
Նկատենք, որ երեկ բոլոր պաշտոնյաները խուսափում էին խոսել ներքաղաքական իրավիճակի, կոալիցիա կազմելու եւ հետընտրական գործընթացների մասին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ամեն կերպ փորձում էր «փախչել» եւ չպատասխանել հարցերին, միայն խուսափողական նշեց, թե «նոր կոալիցիա կազմելու նպատակով այժմ բանակցություններ են ընթանում» ու անմիջապես նստելով  մեքենան` հեռացավ:
Միայն ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր, որ մի փոքր երկար նստեց վետերանների կողքին եւ զրուցեց, իսկ Նիկոյանը հայտարարեց, որ շտապում է ու ժպիտը դեմքին՝ արագ քայլերով հեռացավ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս