Հայաստանում պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը. Գագիկ Ծառուկյան. zham.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը` Zham.am-ին.

-Պարո՛ն Ծառուկյան, ինչպիսի՞ն են Ձեր հետևությունները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից:

– Երբ Ազատության հրապարակը, շրջակայքի փողոցներն ու այգիները լեփ-լեցուն են համախմբված և վճռական տրամադրված՝ տասնյակ հազարավոր մարդկանցով, երբ մարդիկ հարյուր-հազարներով հեռուստացույցի մոտ անհամբեր հետևում են իրադարձություններին, ապա հետևություն պետք է անեմ ոչ թե ես, այլ՝ իշխանությունը: Ես ընդամենը արձանագրում եմ, որ երկրում կան լրջագույն դժգոհություններ, ընդ որում՝ բոլոր սոցիալական խավերում: Ձևավորվել է համաժողովրդական շարժում, և խնդիր է դրված՝ այդ շարժմանը տալ կառուցվածքային և կազմակերպական լուծումներ: Միայն այդպես է հնարավոր դժգոհությունները վերածել կոնկրետ արմատական փոփոխությունների: 

– Դառնանք Ձեր ելույթին. որո՞նք էին դրա հիմնական ուղերձները, և ու՞մ էր այն ուղղված առաջին հերթին:

– Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Երևանի կենտրոնը հեղեղած՝ հանրահավաքի դուրս եկած իմ բազմահազար հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր տեսակետները, բայց առայժմ իրենց տներից և աշխատավայրերից էին հետևում հանրահավաքին, նրանց, ովքեր վերջին տարիներին ծանր պայմաններից դրդված՝ լքել են Հայաստանը, նրանց, ովքեր դեմ են այսօրվա իրականությանը, նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի համոզիչ լինել, քննադատելուց և իրավիճակը գնահատելուց բացի, պետք է հստակ ներկայացնենք, թե ինչ ենք առաջարկում և ինչ ենք անելու առաջիկայում:

Մենք երկար ժամանակ չունենք սպասելու. Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը: Պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է: Մեզ անհրաժեշտ են արագ և խորքային լուծումներ: Ոչ ոք այլևս չի հավատում դատարկ խոստումներին և հավաստիացումներին: Եթե այս անորոշության և հետընթացի պրոցեսը շարունակվի, մեր երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել սրա հետևանքները:

– Երբ Դուք ասում եք՝ մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն, ի՞նչ է թաքնված այդ ձևակերպման տակ:

– Ես հարցը կբաժանեմ երկու մասի. զուտ քաղաքական առումով պետք է կոտրել քաղաքական մենաշնորհը, սա միանշանակ բերում է տապալումների և հետընթացի: Իսկ տնտեսական մասով պետք է գնալ այնպիսի քայլերի, որոնք շատ արագ կաշխուժացնեն տնտեսությունը և կփոխեն երկրում ընդհանուր մթնոլորտը: Ես շատ լավ պատկերացնում եմ այդ քայլերը, և հանգիստ կարող եմ թվել դրանք: Օրինակ՝ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի բոլոր հարկերից: Իշխանության որևէ ներկայացուցիչ չպետք է իրավունք ունենա՝ մտնել սեփական քրտինքով տուն պահող մարդու հիմնարկ` նրանից որևէ բան պահանջելու: 

Հաջորդը՝ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել իր դրությունը, դուրս գա ճգնաժամից և գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր և տնտեսության աշխուժացում:

Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը: Ոչ ոք Հայաստանում այլևս չպե՛տք է կարողանա, օգտագործելով իր դիրքը, փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում: 

Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միևնույն է, բոլոր ապրաքատեսակները պետք է կարողանան ներկրել թե 10, թե 20 հոգի` այնքան, որքան շուկան թույլ կտա:


– Թերևս առաջին անգամ հեղափոխական հարթակից հնչեցին հստակ ուղերձներ՝ ուղղված պետական համակարգին: Շատերն են սա արձանագրել: Ինչո՞ւ է դա Ձեզ համար կարևոր:

– Ես ուզում եմ կրկնել և հավաստիացնել, որ սա ինձ համար սկզբունքային կետ է. Բարգավաճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ: Մեզ թշնամանք պետք չէ: Անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը պետք է աշխատի նորմալ մթնոլորտում, պետք է միշտ իրեն պաշտպանված զգա: Պետական կառավարման համակարգում ճնշող մեծամասնություն են կազմում պարկեշտ և գրագետ մարդիկ, ովքեր համապատասխան պայմանների և իրենց առաջ դրվող ճիշտ խնդիրների դեպքում կարող են աշխատել մեծ արդյունավետությամբ: Քաղաքական հայացքները չպետք է անդրադառնան մարդու աշխատանքային, սոցիալական պաշտպանվածության վրա:


– Ո՞րն է, ըստ Ձեզ, մեր տնտեսության ամենացավոտ կետը, ո՞րն է առավել անհետաձգելի լուծումներ պահանջում:

– Դրանք շատ են, բայց թույլ տվեք հատկապես առանձնացնել գյուղի և գյուղատնտեսության խնդիրները: Գյուղի հանդեպ հոգատար լինել՝ չի նշանակում թանկ կոստյումներով մի քանի ժամով գնալ գյուղ և հետ դառնալ: Խնդիրները հստակ են` գյուղացուն պետք է օգնել սերմնացուով, վառելիքով, տեխնիկայով, դեղերով: Գյուղացուն պետք է օգնել՝ իրացնել իր բերքը, իր աշխատանքի արդյունքը: Պետք է օգնել՝ բանկերի տոկոսներից ազատել իր տունն ու հողը, գյուղացուն պետք է ապահովագրել բնական աղետների հետևանքներից: Ինձ համար Հայաստանը սկսվում է ամենահեռավոր սահմանամերձ գյուղերից: Յուրաքանչյուր գյուղի համար պետք է պայքարել, և պետությունը դրա համար պետք է ունենա և՛ գումար, և՛ ծրագիր: Այլ մոտեցում ինձ համար անընդունելի է:

– Հոկտեմբերի 24-ի հանրահավաքն ավարտվեց: Կյանքը մտավ բնականոն հուն՝ նույն խնդիրներով, նույն մթնոլորտում: Որո՞նք են Ձեր և Ձեր քաղաքական գործընկերների հաջորդ քայլերը: 

– Ես համամիտ չեմ այդ ձևակերպման հետ: Հոկտեմբերի 24-ից հետո մթնոլորտը փոխվել է: Վստահ եմ՝ իշխանությունները տեսան դժգոհության ալիքը և, հուսով եմ, հասկացան, որ հին մեթոդներն ու քայլերն իրենց արագորեն տանելու են փակուղի: Ժողովուրդը բարձրաձայնեց փոփոխությունների պահանջը: Փոփոխություններ բոլոր առումներով՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, երկրի մթնոլորտի: Ինչո՞ւ չէ, մարդիկ ուզում են նոր քաղաքական դեմքերով և նոր քաղաքական ուժերով իշխանություն: Համաժողովրդական ճնշումը պետք է է՛լ ավելի մեծացվի, և ընդհանրապես, առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու: Զուտ վերարտադրության համար սահմանադրական փոփոխություններ անել, այսինքն՝ նույն դեմքերով ու նույն մեթոդներով ևս 10 տարի կառավարել չի՛ ստացվելու: Դա ոչ թե իմ և քաղաքական ուժերի տեսակետն է, նույնիսկ ոչ թե ժողովրդի պահանջն է, այլ՝ բնության օրենքն է: Նման տապալումների և հետընթացի պարագայում ամբողջ աշխարհում իշխանությունները փոխվում են, ոչ թե վերարտադրվում: Մենք իրոք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության: 

– Ե՞րբ է սկսվելու ողջ երկրով մեկ համազգային շարժման շտաբերի ձևավորումը, ինչի մասին Դուք հայտարարեցիք:

– Ես հանրահավաքում հայտարարեցի, որ այսօրվանից սկսվում է, հետևաբար՝ դրանց ձևավորումը սկսվել է հոկտեմբերի 24-ից: Բոլոր քայլերը մենք համաձայնեցնելու ենք ոչ իշխանական ուժերի եռյակի հետ: Մենք խորհրդակցելու ենք մեզ համախոհ արտախորհրդարանական կուսակցությունների հետ, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ներկայացուցիչների հետ: Նրանց ակտիվորեն ներգրավելու ենք այդ գործին: Դրանք դառնալու են բոլորի ընդհանուր գրասենյակները, որտեղ լինելու են քննարկումներ, կայացվելու են որոշումներ: Այս գրասենյակները լինելու են միմյանց և երևանյան կենտրոնի հետ մշտական կապի մեջ: Ես ենթադրում եմ, որ կլինեն միասնական քաղաքական և կազմակերպչական կենտրոններ, և ամենակարևորը՝ այդ գրասենյակները պետք է լինեն ոչ բյուրոկրատական, այլ՝ կենդանի հիմնարկներ, որտեղ ցանկացած քաղաքացի ցանկացած պահի կարող է մտնել իրեն հուզող հարցով, ներկայացնել իր կարծիքն ու տեսակետը, և անհրաժեշտության դեպքում ստանալ խորհրդատվություն և աջակցություն: 

Եվ վերջապես, այդ գրասենյակները թույլ կտան՝ ճիշտ պահին, ճիշտ օրը կազմակերպել միաժամանակյա խոշոր հանրահավաքներ ոչ միայն Երևանի Ազատության հրապարակում, այլև՝ բոլոր մարզկենտրոններում և խոշոր բնակավայրերում: Դա անել այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի կամքն իրականություն չի դարձել: 

– Պարոն Ծառուկյան, նույնիսկ Ձեր ընդդիմախոսներից շատերն են ընդունում, որ այս շտաբերի ձևավորման գաղափարն իրոք գրագետ և ճիշտ հաշվարկված քայլ էր: Բայց լինենք անկեղծ. որոշ մարդիկ՝ տարբեր շրջանակներից, ասում են, որ Դուք չեք գնա մինչև վերջ, և կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ և Ձեզ կաշկանդող հանգամանքներ: 

– Ես տեղյակ եմ, ես գիտեմ՝ ովքեր են այդ մարդիկ, և ո՛ր շրջանակների պատվերն են կատարում: Այս ձեռագիրը նորություն չէ: Բայց եկեք մի փոքր հետ նայենք: Ես դեռևս 2009-ին էի ասում, որ տնտեսական քաղաքականության մեջ կոպիտ սխալներ կան: 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո, հավաքելով մոտ կես միլիոն ձայն, Բարգավաճ Հայաստանը հրաժարվեց մաս կազմել իշխանական կոալիցիային: Դա իմ սկզբունքային և, վստահաբար կարող եմ ասել, ամենաճիշտ որոշումներից մեկն էր: Մեզ առաջարկվում էին բազմաթիվ պաշտոններ, բայց ոչ՝ սեփական ծրագրերով և մոտեցումներով երկրում իրավիճակ փոխելու հնարավորություն: Ես այն ժամանակ հայտարարեցի, որ իմ խնդիրը պաշտոնները չեն: Իմ խնդիրը պետությանը և ժողովրդին օգտակար լինելն է: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ես ասացի, որ ոմանք ինձ հարցնում են, թե՝ Ծառուկյան, քո՞ ինչին է պետք: Իրոք, ինձ անձամբ ինչո՞ւ է պետք:

…Ես գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի: Մինչև մարդկանց խնդիրները սկսեն լուծվել, մինչև տնտեսությունը սկսի վերականգնվել, մինչև Հայաստանը նորից սկսի շնչել: Եվ ես ուրախ եմ, որ այս հարցում ունեմ քաղաքական գործընկերների և համախոհների հզոր բանակ և, ինչպես բոլորը տեսան, հսկայական համաժողովրդական աջակցություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս