Վճռաբեկ դատարանի նախագահի եղբոր աղմկահարույց հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը` Ռուբեն Մկրտումյանը, եղբոր մասին սկանդալային հայտարարություններ է անում ոչ թե ներանձնային խնդիրներից ելնելով, այլ արդարության կայացման ակնկալիք ունենալուց դրդված: Այսպես բացատրեց Ռուբեն Մկրտումյանը եղբոր մասին աղմկալի հայտարարություններով հանդես գալու հանգամանքը:

«Եղբորս մեծամտությունը, ամբարտավանությունը, արհամարհական վերաբերմունքը շրջապատի, հատկապես հարազատների հանդեպ, և ամենակարևորը` փողի, շարժական և անշարժ գույքի նկատմամբ անսահման սերը և, ընդհանրապես, նրա էությունը, բնավորությունը, ինքը ճանաչում է այնքան լավ, որքան ոչ ոք: 1999 թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում իր նշանակումից մեկ տարի էլ չանցած, Երևանի Թումանյան փողոցի թիվ 32 տանը բնակվող Մկրտումյանը գնել է հարևան բնակարանը: 2000 թ. միավորել է բնակարանները և 150 քմ տարածքով կառուցել երկրորդ հարկ: 2007 թվականին Սարյան փողոցի թիվ 19/20 հասցեում գտնվող նորակառույց շենքում գնել է ևս մեկ երկհարկանի բնակարան` 240 քմ տարածքով: 2009 թ. Թումանյան փողոցում ևս մեկ բնակարան է ձեռք բերել: 2011 թվականին Ձորաղբյուր գյուղում ձեռք է բերել 5000 քմ տարածք, որի վրա կառուցել է երկհարկանի տուն: Հարգելի պարոն նախագահ, ես չէի ցանկանա կենտրոնանալ ՎԴ նախագահի ֆինանսական խախտումների վրա, որպեսզի չթվա, թե զրպարտում եմ եղբորս, սակայն փողերի վրա, որոնցով նա ձեռք բերել այդ ամենը, տեսնում եմ կոռուպցիայի հետքեր»,- ահա այսպիսի բովանդակությամբ բաց նամակն` ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին և միջազգային մի քանի կառույցների, ընթերցեց Վճռաբեկի նախագահի եղբայրը:

Վերջինս վստահեցրեց, որ իր դիմումը նախանձի դրսևորում չէ «հարազատ» եղբոր հանդեպ, իսկ աշխատանքը թողել է, քանի որ եղբոր հետ կապն իրեն վարկաբեկել է: Ռուբեն Մկրտումյանն անդրադարձավ նաև հոր` Յուրի Մկրտումյանի` 2009 թվականի դիմումին, որում նա նշում էր, թե որդին անառակ է, ապերախտ և անբարոյական:

«Չանցած երկու օր, ՎԴ նախագահը հայտարարեց, որ այդ դիմումն այլևս իրեն չի անհանգստացնում, քանզի լուծել է խնդիրը` բոլորին ներկայացնելով, թե հայրը խելագար է: ՎԴ նախագահի անպատժելիությունը հանգեցրեց անպատասխանատվության, իսկ որոշ դատավորների` լկտիության: Ինչպես, օրինակ, դատավոր Արմեն Բեկթաշյանի պարագայում, ով դատական քննության ժամանակ «խուժան» անվանեց հայցվորին` «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանին, և, չնայած դատավորի էթիկայի կոպիտ խախտմանը, մնաց անպատիժ»,- բաց նամակի ընթերցանությունը շարունակեց ՎԴ նախագահի իրավաբան եղբայրը:

Հարցին` ինչպես ստացվեց, որ մի ընտանիքում այդքան իրարից տարբեր երեխաներ ծնվեցին, Ռուբեն Մկրտումյանը պատասխանեց. «Հորս հարցրեք: Հնարավոր է` մենք դիմագծերով նման ենք, դա էլ գեների փոխանցումով է եղել: Մենք շատ տարբեր մարդիկ ենք: Ու արդեն երկար ժամանակ է` բացարձակապես չենք շփվում»,- ասաց Ռուբեն  Մկրտումյանը:




Լրահոս