ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի ազգընտիրներն ու կառավարության անդամները հավաքվել էին ԱԺ-ում եւ գերազանցիկ աշակերտների պես շարվել իրենց անուններով առանձնացված նստարաններին՝ սպասելով “դասատուին”՝ Սերժ Սարգսյանին: 
Երբ Սարգսյանը եկավ, հնչեց ՀՀ օրհներգը: ԱԺ ամենատարեց պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, որը վարում էր ԱԺ առաջին նիստը, հնարավորինս ,ճոխե բառերով ձայն տվեց Ս. Սարգսյանին՝ ելույթի համար: Վերջինս նախագահությունից իջավ, մոտեցավ ամբիոնին ու բոլորի համար հասանելի ձեւակերպումներով բացատրեց ներկաներին, թե ով է ԱԺ պատգամավորը. “Դուք ՀՀ օրենսդիր իշխանությունն ենք: Այստեղ ներկա յուրաքանչյուր պատգամավորի թիկունքին հազարավոր ձայներ կան, այսինքն՝ հազարավոր մարդիկ: Այդ ձայները տեղ հասցնողները դուք եք, իսկ այդ տեղը Ազգային Ժողովն է: 
Թեեւ սովորաբար նման միջոցառումները սկսվում են տերունական աղոթքով, այնուամենայնիվ, երեկ Սերժ Սարգսյանի ելույթից հետո միայն ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օրհնեց նորընտիր ԱԺ-ն: Ու այդ ընթացքում ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ փորձում էին ԱԺ դահլիճի տարբեր մուտքերից ներս մտնել, բայց թիկնապահները թույլ չէին տալիս՝ նախագահն էր խոսում: Ելույթից հետո ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին, Ռուստամ Գասպարյանին, Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին, թույլատրեցին մտնել դահլիճ:
Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանականներն անցան իրենց բուն պարտականությանը՝ քվեարկեցին Գալուստ Գրիգորիչի բնութագրմամբ ,կյանքի բովով անցած մարդուե, որը գալիս է ԱԺ՝ “հանդուրժողական մթնոլորտ ստեղծելու”: Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունից առաջ Աբրահամյանը լիազորված էր բարձրացնելու խորհրդարանի դերը: Այն ժամանակ չստացվեց, բայց ինչպես ինքը հայտարարեց հրաժարականից 7 ամիս անց նախկին աթոռին վերադառնալիս, “ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում”: 
Այնուհետեւ պատգամավորները սովորեցին սեղմել քվեարկության սենսորային կոճակները: Պարզվեց, որ հենց առաջին օրով չէին աշխատում հատկապես Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի եւ Խոսրով Հարությունյանի կոճակները: Այդ կապակցությամբ Գուրգեն Արսենյանը Հովիկ Աբրահամյանից խնդրեց երաշխիքներ, որ ուրիշների փոխարեն քվեարկություններ չեն լինեն: Ի պատասխան՝ Աբրահամյանը նշեց, որ ամեն ինչ կանի՝ դա թույլ չտալու համար: Իսկ ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ասաց, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ քննարկվել ու որոշվել է, որ բացակայություններ չեն լինի: “Դա եղել է առաջին պայմանավորվածությունը այն բոլոր թեկնածուների հետ, որոնք ցանկացել են դառնալ ԱԺ պատգամավոր”,-հավելեց նա:
Նշենք, որ ՀՅԴ պատգամավորներից որեւէ մեկը չմասնակցեց ԱԺ ղեկավար կազմի ընտրությանը: “Քանի որ 5 ձայներով չէինք կարող ազդել արդյունքի վրա, ուստի որոշեցինք չքվեարկել”,-ասաց Արմեն Ռուստամյանը: Իսկ ԲՀԿ-ն ազատ քվեարկության որոշում կայացրեց:
ԱԺ նորեկները հիմնականում մոլորված էին. նրանք դեռ աշխատասենյակ չունեին: ՄԻԱԿ-ից Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանն ու նախկին ՄԻԱԿ, այսօր ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը միասին էին՝ ԱԺ հնաբնակ ՍԱՍ-ի Արտակի հետ: Գեներալիտետը՝ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Շմայսի հետ միասին պարբերաբար դուրս էին գալիս՝ ծխելու, որոնց միանում էին Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը: Արթուր Գեւորգյանը եւ Արթուր Ստեփանյանը (Չախկալ) միասին էին զբոսնում: Նկատենք, որ գրեթե բոլոր պատգամավորները հիմնականում խուսափում էին լրագրողների հետ շփվել: Երեկվա ամենահասանելի պատգամավորները Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանն էին: 




Լրահոս