Սերգո Կարապետյանն ԱՄՆ-ի պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին «Կենդանիների առողջություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Լինսդեյ Մալեչան և ԱՄՆ Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռեգանը:

Հանդիպման նպատակն էր Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցների երկկողմ քննարկումը:

Հաշվի առնելով հայկական կողմի առաջարկությունը` խումբը պատրաստակամություն էր հայտնել առավել խորը ուսումնասիրություններ իրականացնել հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության ուղղությամբ:

«Հայաստանում շատ կարևոր է այդ հիվանդության կանխարգելման արդյունավետ միջոցների կիրառումը, և մենք մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել ամերիկացի փորձագետներին իրավիճակի առավել ստույգ գնահատման գործում», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը:

Հյուրերը տեղեկացրեցին, որ Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսված են հանդիպումներ անասնաբուժության ոլորտի պատասխանատուների հետ, այցելություններ անասնապահական տնտեսություններ, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել երկօրյա սեմինար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ֆերմերների միջև կապն առավել սերտացնելու համար:

Տիկին Ռեգանը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց բազմակողմանի աջակցություն ցուցաբերել քննարկված հարցերում, և նախարարության հետ համատեղ մշակել կարիքները բնութագրող համալիր ծրագրի նախագիծ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս