Աղանդների տարածման պատճառը պետք է փնտրել կրոնական գիտելիքներից հեռու գլուխներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տներով շրջելով, ապօրինի կերպով փողոցներում ստենդներ տեղադրելով ու իրենց ուսմունքը տարածելով՝ աղանդավորները մեծ վտանգ են ներկայացնում հայ առաքելական եկեղեցու համար: Վերջին ժամանականերում մեծ թափով տարածվող աղանդների հետևորդները գործ են ածում հնարավոր գրեթե բոլոր միջոցներ՝ մարդկանց իրենց շարքերը ներքաշելու համար:

Armlur.am-ը, գնալով այս թեմայի հետքերով, փորձեց պարզել, թե արդյոք առաքելական եղեղեցում մատուցվող պատարագների լեզուն՝ գրաբարը, աղանդավորներին ձեռքին զենք չի դառնում իրենց աշխարհաբարով մատուցվող ուսմունքը տարածելու համար: Այս թեմայով մենք խոսեցինք Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ Տալյանի հետ: Տեր հայրը նշեց, որ ինչպես երեխան,ով նոր-նոր դպրոց է գնում,իր կրթությունը սկսում է գիծ քաշելուց ու մասնիկներ նկարելուց, այդպես էլ մարդը,ով առաջին անգամ գնում է եկեղեցի, իր առջև ունի նույն խնդիրը:

Սակայն, եթե մարդու մոտ կա ցանկություն՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում պատարագի ժամանակ, նա կարող է ձեռք բերել «Պատարագամատույց» և աշխարհաբարով հետևել պատարագի ամբողջ ընթացքին: Տեր հայրը նաև նշեց, որ նույնիսկ իրենք՝ հոգևորականներն ամբողջովին չեն հասկանում, թե ծեսի ժամանակ ինչ է տեղի ունենում խորանում ու որ պատճառն ամենևին էլ լեզուն չէ: Նրանց համար էլ է անբացատրելի է, օրինակ, այն, թե ինչպես են պատարագի ընթացքում նշխարհն ու գինին վերածվում Հիսուսի մարմնի ու արյան:

Թեման ավելի բազմակողմանիորեն ներկայացնելու համար Armlur.am-ն այս թեմայով հարցում անցկացրեց շարքային քաղաքացիների հետ: Հարցմանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը նշեց, որ գրաբարը ծեսը դարձնում է ավելի խորհրդավոր,ու որ առանց գրաբարի չեն պատկերացնում պատարագը և առհասարակ եկեղեցական ծեսերը: Հարցման մասնակիցներից մեկը կարևորեց այն հանգամանքը, որ նույնիսկ Տերունական աղոթքը,երբ աշխարհաբարով է հնչում,այնքան զորեղ չի լինում,ինչպես գրաբարով հնչած ժամանակ: Ուրիշների կարծիքով աշխարհաբարն ավելի նախընտրելի է, որովհետև դժվար է հավատալ մի բանի, ինչը չես հասկանում:

Եղան մարդիկ էլ, ովքեր նշեցին, որ պատարագի չեն մասնակցում, հետևաբար մեր հարցին պատասխան տալ չեն կարող: Մեր հետաքննությունը, փաստորեն, ցույց տվեց, որ չնայած՝ աղանդների հետևորդների թիվն օր օրի աճում է, այնուամենայնիվ խնդիրը պետք է որոնել եկեղեցուց դուրս՝ մեր սրտերում ու մեզնից շատերի՝ կրոնական գիտելիքներից այնքան հեռու գլուխներում:

Լիանա Անդրեյան




Լրահոս