ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 27 ՏԱՐԵԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որդիս՝ Գալուստ Մելքոնյանը, այսօր կդառնար 27 տարեկան: 8 ամիս առաջ Գալուստը կնքեց իր մահկանացուն: Նա ազատամարտիկ, «Վարդանանք» ջոկատի հրամանատար Վանիկ Մելքոնյանի որդին էր: Ուներ 3 տարեկան որդի, աշխատում էր  «Վալենտին»  տաքսի սերվիսում: Աշխատանքային պարտականությունները կատարելիս որդիս վիճաբանության մեջ էր մտնել հաճախորդի հետ, որն էլ դաժանաբար սպանել էր նրան:  
Վահե  Ավետյանի մահը մեծ ցավ պատճառեց ինձ, քանի որ ես կրկին վերապրեցի որդուս անիմաստ մահը: Տղայիս՝ Գալուստին, մի քանի հոգով ծեծելուց հետո դանակահարեցին միայն այն պատճառով, որ զլացել էլ մարդատար տաքսիով բեռ տեղափոխել: Ի տարբերություն Ռ. Հայրապետյանի գուցե անկեղծ, գուցե շինծու  հնչեցրած ափսոսանքի, «Վալենտին» տաքսի սերվիսի տնօրենն անտարբեր մնաց՝ չզանգեց ու չցավակցեց: Այդ օրից անցել է 8 ամիս: 6 ամիս առաջ հարուցված դատական թիվ 1214711 գործը, որը քննվում էր Էրեբունու ավագ քննիչ Բունիաթ Եղիազարյանի կողմից,  խեղաթյուրված մտավ դատարան: Նախ՝ որդուս ծեծել են 5 հոգով, սակայն կալանավորվել է միայն մեկը՝ Հակոբ Բունիաթյանը: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, մեղադրանք առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երկրորդ՝ դատափորձագիտական եզրակացությունը պարզել է, որ սուր կտրող գործիքով 7 անգամ  են հարվածել որդուս ոտքի արյունատար անոթին, որից վրա է հասել մահը: Սակայն  դատարանում մեղադրյալ Բունիաթյանը հրաժարվում է եւ նշում, որ «ինքն էդքան շատ չի խփել Գալուստին»: Եթե դա ճշմարիտ է, ապա ովքե՞ր են մյուս հարվածողները: Տղայիս գործով մեղադրվող եւս երկուսը եղբայրներ են: Միքայել եւ Վլադիմիր Ռաֆայելյանների նկատմամբ, որոնք հրահրել են վեճը եւ մասնակցել սպանությանը, առաջադրվել է մեղադրանք 118 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Նրանք անարդար ձեւով չեն կալանավորվել:
Այս դատական գործի եւս մեկ խեղաթյուրման օրինակ. խախտվել է ՀՀ քր. օր.-ի 30 հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ յուրաքանչյուր դատական գործ համարակալվում է 10 օրվա ընթացքում: Այս պարագայում 3 օրվա ընթացքում գործը փակվել է եւ ուղարկվել դատարան առանց իրավահաջորդի կարծիքը հաշվի առնելու: Անհամեստություն չկարծեք, սակայն Գալուստի հայրը՝ Վանիկ Մելքոնյանը՝ ՀԱԲ-ի Վանիկը, այս երկրում ավանդ ունեցող անձ է:  Ազգային ազատագրական պայքարի օրերին կռվել է Արցախում, սեփական միջոցներով ձեռք բերել զինամթերք, տրամադրել բանակին: Ինչեւէ, մենք մեր ավանդի համար չենք ափսոսում, միայն թող այս երկրի իշխանավորներն էլ անտարբեր չմնան ազատամարտիկի ու նրա ընտանիքի նկատմամբ:
Ես «Ժողովուրդ»-ի էջերից դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով ուշադրություն դարձնել մեր բողոքներին, անձամբ ընդունել Գալուստ Մելքոնյանի իրավահաջորդին՝ հնարավորություն տալով ներկայացնել գործի մանրամասները: Հուսով եմ, նրանք ինձ հուսախաբ չեն անի:

 ԱՆԱՀԻՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀՀ քաղաքացի




Լրահոս