Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը տոնում է Հայոց բանակի կազմավորման 23-ամյակը:
1992-ի հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը:
1990 թվականի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց Հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որն այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես էր եկել գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը և կոչ արել անդամագրվել հայոց նոր ստեղծվող բանակին: Հայոց բանակը ձևավորվեց պատերազմի բովում, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, երբ զինված ուժերի ստեղծումը դարձել էր օրվա հրամայականը: Գոյության առաջին իսկ օրերից մեր բանակը դրսևորեց իր լավագույն որակները` անմնացորդ նվիրում հայրենիքին, անկոտրում մարտական կամք ու հաղթական ոգի:
Կամավորական հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը: