ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ արտաքին գործերի նախարարության էջից
Երեկ հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացին, ինչպես նաեւ անդրադարձ է եղել տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին եւ դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ եթե քաղաքացին ժամանակավորապես գտնվում է Հայաստանից դուրս եւ մոտ մեկ տարվա դեկրետային գումար ունի ստանալու, ի՞նչ կարգով եւ ո՞ւմ հետ պետք է կարգավորի իր խնդիրները` վերականգնելու եւ ստանալու համար իր երեխային հասանելիք գումարը:
Լուսինե Սաղաթելյան (25 տարեկան, կենսաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Լուսինե Սաղաթելյանի դիմումում հստակ նշված չէ, թե հարցն ինչին է վերաբերում:
Եթե խնդիրը վերաբերում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստին, ապա հայտնում եմ հետեւյալը՝
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը, կամ խնամակալը` մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը:
Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային մարմին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր:
Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի իրավական ակտում նշված ամսից, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների համապատասխան իրավական ակտերում նշված ամսից:
Երեխայի խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է մինչեւ գործատուի իրավական ակտում նշված խնամքի արձակուրդի ավարտի ժամկետը, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը: Այն նշանակվում է մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական
աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կազմում է 18.000 դրամ: Պարզից էլ պարզ է, որ նպաստի գումարի չափը, այն էլ գնաճի նման ցուցանիշների դեպքում, նույնիսկ երեխայի մինիմալ խնամքը չի կարող ապահովել: Թե այսքանից հետո ինչպես պետք է բարձրանա ծնելիության մակարդակը, եւ թե ինչը պետք է խթան հանդիսանա, հայտնի չէ:
ՀԱՐՑ. 2014թ. դեկտեմբերի 30-ին վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտ եմ ստացել: Կխնդրեի պարզաբանել՝ արդյո՞ք մինչեւ հունվարի 31-ը չվճարելու դեպքում գումարը կեռապատկվի կամ կհնգապատկվի, թե՞ վարչական իրավախախտումների մասին ընդունած նոր օրենքն ազդում է նաեւ տվյալ ժամանակահատվածում գրանցված ակտերի վրա:
Պետրոս Գեւորգյան (46 տարեկան, վարսահարդար)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տվյալ դեպքի համար վճարվում է միայն տուգանքի մայր գումարը:
«Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015թ. հունվարի 9-ից համաձայն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» նոր օրենքի՝ վարորդները որոշակի պայմաններում տուգանքի չափի ավելացած մասի եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերի վճարումից որոշ չափով կազատվեն՝ օրենքում առկա կետերի հիման վրա: Թերեւս պետք էր նման օրենքի պես մի բան «մոգոնել»՝ ստեղծված խայտառակ վիճակը մեղմելու եւ հնգապատկված տուգանքների իրական պատկերը թաքցնելու համար: