Ռազմիկ Պետրոսյանը փետրվարի մեջ իշխանափոխություն կաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ԲՀԿ առաջնորդին եւ նրա շուրջ հավաքված մարդկանց հորդորել է 10-15 օրվա ընթացքում հանրահավաք հրավիրել ու հենց այդ ժամանակ երկխոսել ժողովրդի հետ իշխանափոխության շուրջ:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի վերաբերյալ, կարծես թե սպասելիքներն ավելի շատ էին, բայց արդյունքը եղավ նույնը, որեւէ կոնկրետ բան չորոշվեց:

-Ուրիշ ի՞նչ պետք է լիներ, նորմալ էր, հիմնականում այն քաղաքական ուժերը, կազմակերպությունները, որոնք պետք է իրենց տեսակետը հայտնեին, ասեցին, ներկայացրեցին: Կարեւորն այն է, որ միավորվում են, բոլորը մտահոգ են երկրի իրավիճակով, բոլորն էլ գիտեն, որ այս իշխանություններն ասելիք չունեն, իրավիճակին չեն տիրապետում: Բոլորն էլ հասկանում են, որ պետք է ոտքի կագնեն, որպեսզի վաղը, մյուս օրն իրենց երեխայի ճակատագրի հարցը լուծվի:

-Բայց դա բոլորի համար վաղուց ակնհայտ է դարձել, ժողովուրդն այսօր սպասում է ոչ թե նման հայտարարությունների, այլ կոնկրետ գործողությունների, որոնց արդյունքում էլ պետք է լինի իշխանափոխությունը: Չեք կարծո՞ւմ, որ ժողովուրդը կհիասթափվի նաեւ ԲՀԿ-ից ու նրա թիմակիցներից, եթե վերջիններս շարունակեն այս կերպ գործել:

-Դե, այդպես միանաշանակ չպետք է ասել, որովհետեւ տարբեր կազմակերպություններ, քաղաքական ուժեր կան, որոնք տարբեր ձեւով են պատկերացնում այդ ամենը: Հիմա արդեն ուրիշ է, բոլորն էլ այժմ համոզվեցին, որ հիմա ժամանակն է՝ անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, քանի որ այժմ, իսկապես, լուրջ խնդիր ունենք: Իսկ ես համոզված եմ, որ հիմնական որոշումը կայացնելու է ժողովուրդը, հենց ժողովրդի ցանկությամբ է լինելու այն, ինչը բոլորի համար արդեն ակնհայտ է դարձել: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջիկայում պետք է հանրահավաք հրավիրել ու համատեղ որոշում կայացնել, թե մենք մեր երկրի ճակատագրի հետ ո՞նց ենք վարվելու: Ես ասել եմ ու շարունակում եմ կրկնել, որ պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից, որպեսզի մենք չկորցնենք մեր երկիրը:

-Ազատամարտիկները կարծես թե ավելի կտրուկ քայլերի են պատրաստ, բայց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ այժմ որեւէ հստակ քայլ չի արել, միայն բավարարվում է հայտարարություններ անելով: Գուցե ազատամարտիկները ԲՀԿ-ից առանձի՞ն գործողություններ սկսեն:

-Մենք զինվորական ենք, գուցե քաղաքական առումով մենք դա այդպես չենք պատկերացնում, բայց այն, որ մեր երկրի համար վիրաբուժական միջամտություն է պետք, դա միանշանակ է: Մենք, ի վերջո, պետք է կարողանանք մի նորմալ իշխանություն ունենալ, թե՞ չէ: Դրսում վախեցած են, ներսում ուժեղ են իրենց զգում, լինում է, չէ, որ տղամարդը դրսում թույլ է լինում ու իր հոգեկան բոլոր լարվածությունները թափում է տան վրա, հիմա մեզ մոտ այդպես է: Ժողովրդին ճնշելով, օտարի ոտքերի տակ սողալով՝ ինչքա՞ն կարելի է ապրել: Իշխանությունը պետք է սիրի իր ժողովրդին, բայց այստեղ հակառակն է՝ ժողովրդին ատում են էդ մարդիկ: Իսկ ես գտնում եմ, որ պետք է օր առաջ ազատվել իշխանություններից, չգիտեմ, եթե ժողովուրդն այլ ելք գտնի… բայց ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը նույնպես կարծում է, որ օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել:

-Իսկ ըստ Ձեզ՝ Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է մինչեւ վերջ գնալ, Դուք իր հայտարարություններից դատելով` այդպե՞ս եք կարծում, Սերժ Սարգսյանի հրաժարական…

-Իհարկե, միշտ էլ ամեն մի հայտարարությունը տարբերվում է մյուս ելույթից… ու հասկանալի է, որ մոտ է մեր պահանջներին: Բաներ կան, որ չեն հայտարարվում, բայց, դե, անհատական հայտարարությունների ժամանակ է դա ասվում, բաներ կան, որոնք բարձրաձայնելու չի: Դե, մարտավարական հարցեր կան, որոնք տարբեր հանդիպումների ժամանակ քննարկում ենք, կազմակերպչական խնդիրներ կան, դրանք պրոցեսներ են, որոնք մշտապես կան: Իսկ հանրահավաքներից էլ պարզ դարձավ, որ ժողովուրդը դուրս է եկել վախենալու, ահաբեկվելու այդ վիճակից, փա՛ռք Աստծո, մարդիկ վստահում են, գիտեն, թե ինչ են ուզում ու ուր են գնում: Այն, որ մեր ընդդիմությունը շատ հզոր է, դա ակնհայտ է, ուղղակի այժմ պետք է գոնե մեկ անգամ հավաքվել: Այսօրվա առաջնորդների խնդիրը միայն պետք է լինի ժողովրդին հավաքելը, նախաձեռնելն ու ժողովրդի հետ երկխոսելը հենց հրապարակավ: Իսկ իշխանությունն էլ քաջ գիտի, որ եթե ժողովուրդն այսօր հավաքվեց, դա լինելու է իրենց հրաժարականի պահանջը:

-Կարծես թե դեռեւս անհասկանալի է մնում նաեւ այն հարցը, թե ե՞րբ է սկսվելու հանրահավաքային պայքարը, Դուք ինչ-որ առաջարկություն արե՞լ եք Գ. Ծառուկյանին այդ հարցի հետ կապված:

-Ես ինքս առաջարկել եմ, որ մի 10-15 օրվա ընթացքում արդեն հանրահավաք անենք, հիմա չգիտեմ, թե իրենք ի՞նչ կորոշեն, դեռ քաղաքական առաջնորդները թող հանդիպեն, քննարկեն, եթե կհրավիրեն մեզ, մենք էլ կմասնակցենք: Ուղղակի գիտեմ, որ պետք է շուտ անել, ամեն օր երկարաձգելն ավելի վատ վիճակի մեջ է գցելու մեր երկիրը: Եթե ինձ մնար, ապա ես կուզենայի փետրվարի մեջ այս ամբողջ գործընթացն ավարտել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս