Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Սերժ Գաբյանը մտադիր է Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանել: Նա նպատակ ունի ներգրավել հոլիվուդյան հանրահայտ դերասանների եւ ֆիլմը ներկայացնել տարբեր երկրներում: Ռեժիսորը «Ժողովուրդ»-ին պատմել է իր ստեղծագործական պլանների մասին, անդրադարձել է հայ աստղերի հետ աշխատելու առավելություններին եւ թերություններին, նրանց գործելաոճում առկա ընդհանուր միտումներին:
-Սե՛րժ, քչերը գիտեն, որ բացի հայտնիների համար տեսահոլովակներ նկարահանելուց՝ ստեղծել եք, օրինակ, հանրահայտ «Դաֆթ Փանք» խմբի «Տրոն» ֆիլմի երաժշտության ռեմիքսը, արժանացել եք մրցանակի «Դիսնեյ Ռեքորդս»-ի կողմից: Այժմ ունե՞ք նման մեծամասշտաբ նախագծեր, որոնց մասին կցանկանաք պատմել:
-Հայաստանում նման նորությունները շատ չեն մեկնաբանվում, քանի որ նշված երաժշտության ժանրը, մեղմ ասած, այդքան էլ տարածում չունի մեզ մոտ: Տրանս երաժշտության սիրահարները քիչ են, ուստի այդ ժանրի նորությունները մեծ մասին չեն հետաքրքրում: Ավելին՝ այդ ժանրերում կան հաջողված հայ երաժիշտներ, որոնց մասին տեղեկությունը կորչում է կոմերցիոն նյութերի «հեղեղի» մեջ:
Այժմ ունեմ բավականին մեծ, մասշտաբային նախագծեր: Ստեղծվում են երկու տեսահոլովակներ՝ միջազգային փառատոնների մասնակցության ամբիցիաներով, դրանք շուտով կհանձնենք հանդիսատեսի դատին: Առաջին տեսահոլովակը կներկայացվի Կոմիտասի «Դլե Յաման»-ի, երկրորդը՝ «Կռունկ»-ի հիման վրա:
-Հայ աստղերի հետ տարիներ շարունակ աշխատելով՝ ի՞նչ հուսադրող եւ ի՞նչ մտահոգիչ ընդհանուր միտում եք նկատել:
-Առհասարակ, տարված աշխատանքի շրջանակում կա տեխնիկական բարելավվում, արդեն արվում են առավել որակյալ գործիքավորումներ: Բայց առկա է ժանրային եւ ոճային լճացում, որն առաջ է բերում իրարից չտարբերվող փոփ գործեր: Կարծում եմ՝ դաշտում կա «երաժշտական համարձակության» եւ տաղանդի սուր դրսեւորման պակաս: Մերոնք պետք է աշխատեն հանդես գալ յուրօրինակ կերպով, որպեսզի դաշտից դուրս գան անհատներ, որոնցով կհետաքրքրվեն արտերկրի շուկաները: Դա կենսապես անհրաժեշտ է մեզ պես փոքր շուկա ունեցող երկրին: Ուրախությամբ եմ հետեւում Արամ MP3-ի քայլերին: Նա ունի արտերկրի շուկաները գրավելու բոլոր նախադրյալները:
-Աշխատել եք նաեւ արտերկրի արտիստների հետ: Գիտենք, որ առիթ եք ունեցել համագործակցելու, օրինակ, Աննա Սեմենովիչի հետ եւ հիացած էիք նրանով… Արդյո՞ք հայ աստղերին չի պակասում արտիստին բնորոշ այդ տեխնիկան, վարպետությունը. այն որտե՞ղ կարելի է սովորել:
-Ասել, թե հիացած էի Սեմենովիչով, գուցե, չափազանցված հնչի, սակայն այն, որ նա իր գործի վարպետն էր, դա անժխտելի է: Ի դեպ, նա մասնագիտացած է ոչ այնքան երգի, որքան՝ դրա մատուցման, շոուի մեջ: Կարծում եմ՝ դա այն տաղանդն է, որն անհնար է ձեռք բերել. այն կա՛մ կա, կա՛մ ոչ: Իհարկե, աշխատասիրությունը կարող է բերել ավելի մեծ հաջողություններ: Հայ երգիչներին այս առումով խորհուրդ կտամ կա՛մ չերգել, եթե կարող են ուրիշ բան անել, ավելի լավ, կա՛մ էլ, եթե դա իրենց ընտրած գործն է, լինեն այնպիսի արտիստ, որին իրենք էլ անձամբ կերկրպագեին:
-Անդրադառնանք Ձեր ծրագրերին: Նշել եք, որ ցանկություն ունեք Ձեր ուժերը փորձել նաեւ կինոյում: Կպատմե՞ք այն «Էքշն» կատակերգության մասին, որը նախատեսում եք ներկայացնել համաշխարհային շուկայում:
-Այո՛, «Հանուն Հոր եւ Որդու» ֆիլմը կնկարահանվի անգլերենով, դրա վրա կսկսեմ աշխատել այս տարվա ավարտին: Իսկ ներկա պահին ընթանում են բանակցություններ մեկ այլ ֆիլմի շուրջ, որի նկարահանումները, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն մարտի վերջին: Այն Հայոց ցեղասպանության թեմայով անգլերեն լիամետրաժ ֆիլմ է՝ կրկին համաշխարհային շուկայի համար: Գերխնդիր է այն թողարկել հնարավորինս շատ երկրներում: Ցեղասպանության թեման համամարդկային է, այդ հանցագործությունը մոլորակի եւ մարդ տեսակի հանդեպ երբեւէ չպետք է կրկնվի, իսկ այժմ կատարվում է հակառակը: Մի փոքր բացելով փակագծերը՝ նշեմ, որ գերխնդիր է նաեւ ֆիլմում ընդգրկել հոլիվուդյան հանրահայտ աստղերի: Կինոնկարի շուրջ բազում մասնագետներ են հավաքված աշխարհի տարբեր երկրներից: Նպատակ ունեմ իմ եւ իմ ազգի կողմից աշխարհի հանդիսատեսին հասցնել մեզ համար շատ կարեւոր ուղերձը:
«ԹՈՂ ԳՈՐԾԻՔ ՉԴԱՌՆԱՆ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ»
Վերջին շրջանում Հայաստանի ներքին քաղաքական կյանքն ուղեկցվում էր լարված իրադարձություններով, որոնք ժողովրդի շրջանում հույս, ապա հիասթափություն առաջ բերեցին: Ընդամենը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, որի ընթացքում նա նշեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը Հայաստանի համար դարձել է չարիք, ծայր առավ ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտությունը»: ԲՀԿ-ն անգամ մտադիր էր հանրահավաք անցկացնել, սակայն Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո այն չեղյալ հայտարարվեց, դրան զուգահեռ մարեց նաեւ ժողովրդական շարժումը: Մարդիկ, ովքեր հույս էին կապում ԲՀԿ-ի հետ, կտրուկ հիասթափություն ապրեցին: «Ժողովուրդը» զրուցել է մտավորականների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի շուրջ:
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, օրինակ, խոստովանեց, որ շատ է տխրել այս պրոցեսներից հետո: «Ես ժողովրդի մարդ եմ եւ տեսնում եմ, որ հասարակության շրջանում ընկճվածություն կա: Վերջինս լավ ապագայի հույսեր, փոփոխության հեռանկար է ունեցել, որը չի իրականացել: Հիասթափությունը պատեց ժողովրդին հատկապես երկու առաջնորդների՝ գաղտնիության քողի տակ կայացած հանդիպումից, պայմանական հաշտությունից հետո: Մարդիկ հասկացան, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա:
Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանն էլ այն համոզման է, որ ժողովուրդը այս էլ որերորդ տարին է՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից խաբվում է եւ հույսը կորցնում: «ԲՀԿ-ն բազմիցս ապացուցել է, որ վախկոտ լիդեր ունի, ով վերջին րոպեին հանգիստ կարող է մտադրությունը փոխել: Այն երբեք ընդդիմություն չի եղել եւ չի լինելու. ինքնահռչակ այլընտրանք էր, որը ժամանակ առ ժամանակ դառնում էր հաճախորդ: Մեր երկրում, ցավոք, յուրաքանչյուր քաղաքական ուժ առաջնորդվում է սեփական միջոցները չկորցնելու մարմաջով»,-նկատեց նա: Գրողի խոսքով՝ որ քաղաքական ուժն ընդվզի, հայտնվելու է «սեւ ցուցակ»-ում, քանի որ բոլորի անցյալը փորփրելիս կարելի է հանդիպել «մի քանի էջանոց հոդվածների»: «Այդ հոդվածները կդրվեն նրանց առջեւ, ու վերջիններս կա՛մ կենթարկվեն, կա՛մ էլ ունեցվածքը չկորցնելու համար կստորացվեն, ինչի ականատեսն ու վկան այս օրերին եղանք ազգովի: Ժողովրդին միայն սթափության կոչ կանեմ, թող մարդիկ չդառնան գործիք պատեհապաշտների խաղերում»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«ՍՊԻ»-Ն՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ
Վենետիկի փառատոնի մրցանակակիր, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, արդեն հայկական կինովարձույթում է: Այն փետրվարի 19-ին կցուցադրվի կինոթատրոններում:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Այն պատմում է Նազարեթ Մանուկյանի մասին, ով վերապրել է ցեղասպանությունը, կորցրել է ընտանիքն ու տարիներ անց իմանցել, որ հնարավոր է՝ իր աղջիկները դեռ կենդանի են: Դրանից հետո Նազարեթը սկսում է փնտրել դուստրերին:
Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին ու այլք: Գլխավոր դերում ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմն է: «Սպի»-ի բյուջեն կազմել է 15.5 միլիոն եվրո: 138 րոպե տեւողությամբ ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում եւ Մալթայում:
«ՔԵԶ ՀԵՏ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»
Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով համերգ կկազմակերպի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Massispost»-ը, համերգը կկայանա մարտի 5-ին՝ Henry Crown համերգասրահում: Համերգի մենակատար եւ ղեկավար Անդրես Մուստոնենի գլխավորությամբ կկատարվեն Կոմիտասի, Ստեփան Ռոստոմյանի, Արամ Խաչատրյանի եւ Բեթհովենի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում կհնչի նաեւ Ուիլյամ Ուեյների «Երաժշտություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության եւ հրեաների հոլոքոստի» ստեղծագործությունը: Համերգը կկայանա մարտի 5-ին: