ԻՆՉՈ՞Ւ ԴԱՌՆԱԼ ԱՎԱԳԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու ավագանու թեկնածուների թիվը 71 է: Առիթ ունեցել ենք գրելու, որ կազմը շատ բազմազան է՝ բժիշկ, մանկավարժ, տնտեսագետ ու նաեւ բազմաթիվ երիտասարդ գործազուրկներ: Սա բացառիկ դեպք է, երբ այսքան թվով քաղաքացիներ ցանկություն են հայտնել զբաղվել հանրային աշխատանքով: Հայտնի է, որ ավագանու անդամը չի վարձատրվում, եւ չնայած դրան, ինչպես տեսնում ենք, այս հանգամանքը թեկնածուներին այդքան էլ չի անհանգստացրել: Պատճառները տարբեր են: Ոմանք  կանխատեսում են՝ քանի որ նախկինում ավագանին կցված էր  քաղաքապետին եւ վավերացնում էր նրա անօրինական որոշումները, փոխարենը վարձատրությունը տարբեր օբյեկտների եւ արտոնությունների տեսքով էր: Ենթադրվում է՝ լավագույն ավանդույթները շարունակելու մղումով հիմա էլ երիտասարդների մի մասն է որոշել ընդգրկվել ավագանու կազմում, իսկ մյուս մասը՝ ընդդիմադիրները, նախագահականի «դաբրոյով» քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրած Բալասանյանին վերահսկելու համար:
Հավելենք, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմն այս ընտրություններին ավագանու գործող անդամներից 6-ն են, որոնք կրկին առաջադրվել են: Կան նաեւ քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ: Արդեն գրել էինք, որ բալասանյանական թիմն էլ «Գյումրի» գարեջրի գործարանի մի քանի աշխատակիցներն են, որոնք առաջադրվել են: Իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ հանրակրթական դպրոցների Հանրապետական կուսակցության անդամ-տնօրեններ: Օրինակ՝ թիվ 29 դպրոցի հանրապետական տնօրեն Գայանե Բիչախչյանը, որը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդգրկվեց ՀՀԿ կազմում: Թիվ 11 դպրոցի տնօրեն Հրայր Կարապետյանը եւս նրանցից մեկն է: Ասում է՝ նաեւ ՀՀԿ ցանկությունն է եղել, որ ինքն առաջադրվի:
Քաղաքում ճանաչված բժիշկ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն էլ է առաջադրել իր թեկնածությունը: Բայց առաջարկը դարձյալ եղել է ՀՀԿ-ինը: «Յուրաքանչյուր առաջադրվող թեկնածու մտածում է, որ ինքը անցողիկ թեկնածու է, կհաղթի էս ընտրապայքարում: Ես էլ մտածում եմ, որ կանցնեմ»,-իր շանսերն է գնահատում բժիշկը: Նա շեշտում է, որ միշտ էլ դժգոհ է եղել Գյումրու ավագանու գործունեությունից, քանի որ նրանք մշտապես առանձնացել են իրենց կրավորական կեցվածքով:
Հիշեցնենք, որ ինչպես ավագանու անդամության մեկ թեկնածու, այնպես էլ քաղաքապետի, պաշտոնական գրանցման օրը ինքնաբացարկ հայտնեցին: Ռաֆայել Ասատրյանը, ներկայացնելով ինքնաբացարկի դիմումը, հիասթափված հայտարարեց, որ իր հետագա պայքարը շարունակելն անիմաստ է համարում՝ պնդելով, որ իր թեկնածությունն առաջադարել է առանց որեւէ մեկի հանձնարարականի: «Ոչ մի ձեւ չկար էդտեղ, շնորհակալ եմ»,-նշեց թեկնածուն ու հեռացավ թիվ 34 ԸԸՀ-ից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս