ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

104-ԱՄՅԱ ՏԱՏԻԿԸ
Կիպրոսի 104-ամյա բնակչուհի Պեգգի Մակելպայնը վերջերս ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհի ամենատարեց կինը, որը ցատկել է անկարգելով (պարաշյուտ): Սուր զգացումներ սիրող տատիկն առաջին ռեկորդը սահմանել է 100 տարեկան հասակում: Նրան, սակայն, հետո շրջանցել է 101-ամյա ամերիկուհի Մերի Ալլենը: Այնուհետեւ, հաղթահարելով վախը, նա ցատկել է 732 մետր բարձրությունից եւ կրկին ռեկորդակիր դարձել: Պեգգիի 75-ամյա աղջկա խոսքով, եթե ամերիկուհին չգերազանցեր մոր սահմանած ռեկորդը, միգուցե ընտանիքը կարողանար հետ պահել էքստրիմի սիրահար տատիկին:

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ
Նյու Յորքում մահացել է մի հրեա մուրացկան, որն իրականում միլիոնատեր է եղել: Քաղաքի հասարակությունը ցնցվել է լուրից, որ Նյու Յորքի սինագոգներից մեկի մոտ մուրացկանությամբ զբաղվող Հովարդ Ֆրենկը իրականում մեկ միլիոն դոլարից ավելի արժողությամբ բացառիկ լուսանկարների սեփականատեր էր եւ դրանք պահելու համար հատուկ պահեստային տարածք էր վարձել: Մուրացկանը հայտնի մարդկանց լուսանկարները սկսել է հավաքել 50-ական թվականներից: Մահվանից մի քանի օր առաջ նա շրջապատի մարդկանց հայտնել է, թե պահեստի չվճարած 17 հազար դոլար գումար ունի, եւ իրեն սպառնում են, որ եթե չմարի պարտքը, ապա կսպանեն իրեն: Նրա մարմինը գտել են Նյու Յորքի ափամերձ ջրերում:  Ըստ տեղեկությունների՝ Հովարդը կենսախինդ մարդ է եղել եւ երբեք այդ կերպ ինքնասպան չէր լինի: Այժմ իրավապահները փորձում են ճշտել սպանության վարկածը:

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ավանդական հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Վլադիմիր Պողոսյանը: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մրցանակային ֆոնդը 700.000 ռուբլի է, իսկ առաջին մրցանակը՝ 100.000 ռուբլի: Հուշամրցաշարում գրանցված 170 մասնակիցներից մոտ 40-ը գրոսմայստերներ են: Մրցաշարը կհամարվի Ռուսաստանի գավաթի փուլերից մեկը: Հիշեցնենք, որ Զավեն Անդրեասյանը 2010թ. դարձավ Ռուսաստանի գավաթակիր:

ԳԼՈՐՎԵԼ Է ՁՈՐԸ
Թուրքիայի հարավարեւելյան Շրնաք նահանգի Ուլուդերեյի շրջանում զինվորականներին տեղափոխող միկրոավտոբուսը գլորվել է ձորը։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ միկրոավտոբուսը չի կարողացել հաղթահարել շրջադարձը եւ գլորվել է ձորը։ Դեպքի վայրին մոտ գտնվող գյուղի բնակիչներն անմիջապես շտապել են օգնել վթարից տուժած զինվորականներին։ Վթարի հետեւանքով մահացել է 10 զինվորական։ Վիրավորների թվի մասին տեղեկություն չկա։

 Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս