ՀՀԿ ԱՆԴԱՄ ԵՆ ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի մի շարք համայնքների  ղեկավարներ  ՏԻՄ ընտրություններից առաջ  փոխել են իրենց կուսակցական պատկանելությունը, դարձել ՀՀԿ անդամ: Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ համայնքի ղեկավար Վարդ Խաչատրյանը նախորդ ընտրություններում հանդես է եկել որպես «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ: Նշենք, որ այս գյուղում բնակվում են հիմնականում Ջավախքից վերաբնակվածներ, եւ Հաղթանակում այդ կուսակցության անդամները զգալի թիվ են կազմում: Այս անգամ Վ. Խաչատրյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Այդ մասին տեղեկացանք Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից:
Վ. Խաչատրյանին թեժ մրցակցություն է սպասվում: Հաղթանակում ինքնաառաջադրմամբ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Վահրամ Շառոյանը եւ Արամ Մովսեսյանը: Նշենք, որ Վահրամ Շառոյանի հայրը՝ Գարեգին Շառոյանը, եղել է մահապարտների «Արծիվ» գումարտակի վաշտի հրամանատար, զոհվել է 1992թ. Մարտակերտի պաշտպանական կռիվների ժամանակ, հետմահու արժանացել 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի: Վահրամի եղբայրը՝ Վահագն Շառոյանը, շարունակել է զոհված հոր գործը, ընդունվել ռազմական ուսումնարան: Ավագ լեյտենանտ 24-ամյա Վ. Շառոյանը 2002թ. դեկտեմբերի 11-ին Կոթի գյուղի պաշտպանական դիրքերում զոհվել է ադրբեջանական զինուժի կրակից:  
Ինչ վերաբերում է Այրումին, ապա այստեղ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Գիգոլ Եգանյանը 2008թ. ՏԻՄ ընտրություններում վայելում էր ԲՀԿ-ի աջակցությունը, նրա լուսանկարը տեղադրված էր այդ կուսակցության կայքում, այս ընտրություններում, սակայն, նա առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, հանդես եկել որպես ՀՀԿ անդամ:
2008թ. ՏԻՄ ընտրություններում Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն առաջադրվել եւ ընտրվել է որպես ԲՀԿ անդամ, սակայն 2011թ. նա եւս դարձել է  ՀՀԿ անդամ: 2012թ. սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններում Ժ. Մարտիրոսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Ազատամուտում կան գյուղապետի եւս 2 թեկնածուներ. ինքնաառաջադրմամբ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Գագիկ Բալասյանը եւ Արտեմ Սարիբեկյանը: Ազատամուտում նույնպես թեժ պայքար է սպասվում:




Լրահոս