Պատվոգիր Հայաստանին օզոնի շերտի պահպանման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի /UNEP/  եւ Օզոնի քարտուղարության կողմից ` շնորհվել է պատվոգիր` “Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին” Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՀՀ բնապահպանության նախարարությունն այս բարձր պատվին է արժանացել գալիք սերունդների համար օզոնային շերտը պահպանելու  գործում էական ներդրման, օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինմանն ուղղված շարունակական եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ:  Հիշենք հիմնական ձեռք բերումներն այս ոլորտում.
1999թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է “Օզոնային շերտի պահպանության նասին” Վիեննայի կոնվենցիան, “Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին”  Մոնրեալի արձանագրությունը եւ պարտավորվում մինչեւ 2010թ. 100%-ով դուրս բերել գործածումից օզոնաքայքայիչ առավել վտանգավոր նյութերը:
2003թ. վավերացվում են Արձանագրության Լոնդոնյան եւ Կոպենհագենյան, իսկ 2008թ.` Մոնրեալյան եւ Պեկինյան ուղղումները:
2006թ. ընդունվում է “Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին” ՀՀ օրենքը, իսկ 2007թ.` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը: 
2005-2007թթ. առեւտրային սառնարաններ արտադրող “ՍԱԳԱ” եւ աերոզոլներ արտադրող “Հայկենցաղքիմ” գործարաններում փոխարինվում են օզոնաքայյքայիչ նյութերով աշխատող հոսքագծերը, ուսուցանվում եւ համապատասխան սպասարկման սարքավորումներով են ապահովվում  սառնարանային եւ օդի կոնդիցիոնացման սարքավորումների 712 վարպետներ, ուսուցանվում են 112 մաքսային ծառայողներ` օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առեւտուրը կանխարգելելու նպատակով:
Հանրապետության ամբողջ տարածքում իրազեկման բազմաթիվ եւ բազմաբնույթ սեմինարներ են անցկացվում օզոնային շերտի պահպանության մասին: Սեմինարներն ուղեկցվում են միջոցառումների մասնակիցներին համապատասխան գրականության եւ հուշանվերների բաշխմամբ:
2010թ.-ի հունվարի 1-ից դադարում է ՀՀ տարածք առավել վտանգավոր օզոնաքայքայիչ նյութերի ներմուծումը:
Դեռեւս շատ անելիքներ կան եւ Հայաստանը շարունակում է աշխարհի հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար:




Լրահոս